ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաշինյանը վարկաբեկում է ընդդիմադիրներին՝ նշելով, թե նրանք իբրև սկսել են լսել իր ուղերձները. «Փաստ»

Փաշինյանը վարկաբեկում է ընդդիմադիրներին՝ նշելով, թե նրանք իբրև սկսել են լսել իր ուղերձները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Փաշինյան Նիկոլը չէր լինի, եթե չփորձեր ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անել, ըստ որում, ավելի շուտ՝ բնականաբար, նենգախեղելով իրողությունները: Օրինակ՝ Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե վերջերս նկատել է, որ ընդդիմությունը լսել է իր ուղերձները, ինչը հաջողություն է համարում, որովհետև անցյալ տարի անգամ չէին լսում, անգամ «ինչ-որ բան էին շպրտում, կռվում էին բռունցքներով, ձեռքերով»: Տեսեք՝ ո՛վ ինչի՛ մասին է խոսում: ԱԺ դահլիճում ընդդիմադիրների վրա բռունցքներով ու աքացիներով մինչև հիմա հարձակվել ու խուլիգանական տուրուդմփոց են հրահրել առավելապես Փաշինյանի անվան խմբակցությունը ներկայացնող տարբեր անուն-ազգանուններով «փաշինյանները»:

Նման պահվածքում թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս նրանք են հենց աչքի ընկնում: Բայց այստեղ «աղը» նույնիսկ դա չէ: Փաշինյանի ամբողջ շեշտն այն է, թե ընդդիմությունն սկսել է իրեն լսել, հաշվի առնել կամ նման մի բան: Ամենից զավեշտականն այն է, որ Փաշինյանը դա ակնհայտորեն ասում է վարկաբեկելու նպատակով, հանրությանն ընդդիմադիրների դեմ տրամադրելու նպատակով: Այսինքն, ինքն էլ է հրաշալի հասկանում, որ ինքը՝ Փաշինյանը, իր իշխանության աստիճանավոր ներկայացուցիչներն արդեն այն աստիճան ատելի ու անընդունելի են հանրության համար, որ իր ասածն ունկնդրելն անգամ կարող է լսողի համար վարկաբեկիչ լինել: Իհարկե, դա խառնակչականության էքստրա կլասսի դրսևորում է: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «մոռանում» է, որ ինքը թիկնազորքի առկայությամբ է միայն մտնում ԱԺ դահլիճ, եթե անգամ ընդդիմադիրները դահլիճում չեն:

Ու թյուրիմացաբար կարծում է, թե նախ՝ ինքը խոսելու տեղ ունի, երկրորդը, թե՝ իրեն «լսում են»: Թերևս ակնկալում էր, որ ընդդիմադիրներն ամեն անգամ ձեռքներն ընկած առաջին ծանր բանը պիտի իր վրա շպրտեն: Ու միգուցե զարմացել է, որ այդպես չեն անում: Հա, ի դեպ, ինչ վերաբերում է այն մեկ դրվագին, որի մասին ակնարկում է Փաշինյանը, հիշենք, որ դրանից հետո վերջինիս՝ ԱԺ գալուց առաջ դահլիճից բոլոր շշերը հեռացնում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում»:

  • Կիսվել: