Փաշինյանը որոշում է այն, ինչ իրեն Ալիևը թույլ է տալիս որոշել. Արթուր Խաչատրյան
Փաշինյանը որոշում է այն, ինչ իրեն Ալիևը թույլ է տալիս որոշել, մասնավորապես հեծանիվ քշել և սոխով ձվածող պատրաստել՝ մնացորդներով. Մնացած ամեն ինչը որոշվում է Բաքվում և պարտադրվում է պաշտոնական Երևանին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ ԱՆկախության հռչակագրի հղումը կհանվի Սահմանադրությունից, նա ասաց. «Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել, այդ անկախության հռչակագրի ոգով է կերտվել մեր պետությունը, արձանագրվել մեր բոլոր հաջողությունները։ Այս հանրապետության հիմնական ձախողումը, որը եղել է, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է եղել:
Այո, դա ուղղակիորեն Ադրբեջանի պահանջն է և Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, ինչպես որ գնացել է 2020 թվականից մինչև այսօր, որպեսզի պահի իր իշխանությունը: Որպեսզի ինքը գնա ընտրությունների, իրեն պետք է թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղություն», անկախ նրանից, որ դա իր էությամբ լինելու է անվերապահ և բացարձակ կապիտուլյացիա: Որ ինքը գնա ընտրությունների և ասի՝ ինձ քվեարկեք, որ ես այս խաղաղ ընթացքը շարունակեմ, այլապես կգան ուրիշները և կբերեն պատերազմ։ Դա համար ինքը կգնա բոլոր զիջումների, հասկանալով, որ իր իշխանության գոյությունը կախված է ամբողջովին Ալիևի և Էրդողանի բարեհաճությունից։
Ավելին ասեմ, այս ընտրությունը, որ ինքը դրել է, «կապիտուլյացիա թե պատերազմ», սուտ է, դա միայն իր օրոք ստեղծված ընտրություն է: Կա բանակցային լուծման ճանապարհ, կան բանակցություններ, որոնց արդյունքում հնարավոր է ապահովել այնպիսի խաղաղություն, որը կբավարարի բոլոր կողմերի օրինական և կենսական շահերը: Ինքը բերեց պատերազմ, իր գնալով պատերազմի վտանգը կվերանա»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը: