հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ. Միքայել Մինասյան

Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ. Միքայել Մինասյան

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ:

Նա, մասնավորապես, նշեց. «Ինձ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՝ ոչ: Պատասխանն անսպասելի է՝ ոչ: Գիտեք, Հայաստանում ձևավորվել է երկու խումբ․ առաջինը, մարդիկ ովքեր վաղ անցյալում ապրում էին ոչ լավ, հիմա ապրում են շատ, շատ, շատ լավ՝ ժողովրդի հաշվին:

Խումբ երկու. դա ժողովուրդն է, որն անցալում ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ-շատ վատ և ամեն շաբաթ ապրելու է շատ վատ:

Նա հավելեց, որ այսօր խոսելու է առաջին խմբի մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է, իր ընտանիքը, և քիչ քանակի մտերիմներ, որոնք օգտվում են իշխանությունից և ապրում ժողովրդի հաշվին։

Մինասյանի խոսքով՝ այդ մարդիկ պոպուլիստներ չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը: «Կրկնում եմ, նա պոպուլիստ չէ, որովհետև խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները»,-ասաց նա:

Մինասյանն օրինակ բերեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և ասաց, որ նա համարվում էր պոպուլիստ, իսկ գալով իշխանության՝ ասաց, որ խզում է բոլոր կապերը նախկին իշխանության հետ, չգնաց և չապրեց պետական ամառանոցում, չի օգտվել նաև բազմաթիվ առավելություններից, օրինակ՝ կինն էր վարում մեքենան, չուներ թիկնապահ և այլն, և ամենակարևորը՝ Սաակաշվիլին, այսպես կոչված, Վարդերի հեղափոխությունից հետո չի նմանվել այն իշխանությանը, որի դեմ հեղափոխություն էր արել:

Անդրադառնալով Փաշինյանին՝ Մինասյանը նշեց. «Ինչ արեց Փաշինյանը. նա ոչ միայն չօգտվեց այդ փաթեթից և այլն ավելացրեց՝ չսպասելով, որ իր քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանը լքի պետական ամառանոցները, չտեսի պես մտավ, այսպես կոչված, դաչաները․« Այստեղ ապրելու եմ, ժողովուրդ ջան, այստեղ ուտելու եմ, այստեղ լողանալու եմ»։ Այնուհետև, երբ Սերժ Սարգսյանը վերջապես լքեց այն, Նիկոլ Փաշինյանն արեց պոպուլիստական քայլ. ծախսեց 2 մլն դոլար և վերանորոգեց մի առանձնատուն, որը վստահեցնում եմ ձեզ, քանի որ այդ տանը հասկանալի պատճառներով եղել եմ, կարիք չուներ միլիոնավոր դոլարների վերանորոգման»:

Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ուներ վաղեմի երազանք: Ըստ նրա՝ վարչապետի երեք երազանքներից մեկն էր ապրել Գագիկ Ծառուկյանից լավ, որովհետև Հայաստանում միայն կայացած, շատ հարուստ բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը կարող է իրեն թույլ տալ կյանքի այն որակը, որն ունի Նիկոլ Փաշինյանը:

Նախկին դեսպանն ասաց, որ հիմա մեկ բան փոխվել է․ քանի որ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանությանը մնացել է քիչ, փորձում է այնպիսի կարողություն դիզել, որն իրեն թույլ կտա իշխանությունը կորցնելուց հետո պահպանել իր կյանքի բարձր որակը և ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզական համակարգի մեջ, որն ուղղակի, ըստ Մինասյանի, հարվածում է ՀՀ-ի հեղինակությանը:

«Ես խոսում եմ հայտնի ծխախոտով լի ինքնաթիռի մասին, որը ՀՀ իշխանություններն այնպես արեցին, որ պատմությունը ծածկադմփոց անեն: Պատմությունը հետևյալն է. ՀՀ-ից մեկնում է ինքնաթիռ՝ «Զվարթնոց»-ից, ըստ փաստաթղթերի՝ պետք է գնար Աֆղանստան: Այդ ինքնաթիռը վայրէջք է կատարում Աֆղանստանից ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող ՌԴ-ի Կրասնոդարի օդանավակայանում, որը ՌԴ իրավապահներն առգրավում են և հարուցում են քրեական գործ:

Նիկոլ Փաշինյանն, ըստ օպերատիվ տվյալների, ունի ուղիղ կապ, որովհետև Սիփան Փաշինյանը կազմակերպում է ՀՀ-ում այդ բիզնեսը, գնում է ծխախոտը և որոշում է արտահանել, որովհետև ունեն հնարավորություն ՌԴ-ում վաճառելու»,-պարզաբանեց նա:

Ըստ նրա՝ այս փաստերն ունեն ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ՀՀ հատուկ ծառայությունները 20-25 օր է զբաղված են հետքերի ոչնչացմամբ:

Միքայել Մինասյանը նշեց. «Հետևաբար Սիփանը, երբ դա կազմակերպում է, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է, որ որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի մաքսային դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշան» մականունով:

Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա դիմում է Աննային, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի բարձած ինքնաթիռ մեկնում է ՀՀ-ից և այդ ինքնաթիռը հայտնվում է Կրասնոդարում, որը պետք է գնար Աֆղանստան: Իսկ որտեղի՞ց են իմանում ռուսները․ ռուսներն իմանում են ՀՀ-ի ԱԱԾ-ից, որովհետև կոլեգաների միջև կա պայմանավորվածություն օպերատիվ տվյալների փոխանակման մասին: Հայերն իմանում են, հայտնում են կոլեգաներին և դրա համար Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մի իրավիճակում, որից հետո սկսվում է ջարդ Ազգային անվտանգության ծառայությունում»:

 

  • Կիսվել: