Փաշինյանը ներկայացրեց նախկին իշխանությունների ներքին կառուցվածքն ու հիերարխիան, մատնանշեց հեղափոխությունից «հիասթափվածների» բոլոր թիրախային խմբերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյյանը ֆեյսբոըքյան իր ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց հանրության այն թիրախային խմբերը, որոնք նոր իշխանություններից հիասթափվելու առիթներ ու պատճառներ ունեն:
Բնականաբար առաջին խումբը` դա նախկին իշխանության ներկայացուցիչներն են: «Սկսած 2028 թվականի մայիս ամսվանից, նրանք հույս ունեն, որ հեղափոխական «խնջույքը» շուտով կավարտվի և ամեն ինչ կվերադառնա իր տեղը: Նրանք հույս ունեն, որ ամեն ինչ կվերադառնա մի ամսից, երկու ամսից, սակայն անցել է երկու տարի, և նույնիսկ նշույլ անգամ չկա, որ նրանք կվերադառնան, պարզ է, որ այդ մարդիկ հիասթափված են»,- նկատեց վարչապետը:
Հաջորդ հիասթափվածների խավը, ըստ Փաշինյանի, դա նախկին իշխանությունների ենթակառուցվածքներում ներգրավված մարդիկ են: «Նրանք առաջին հայացքից չեն երևում, նրանց հանրությունը ճանաչում է որպես «անկախ» վերլուծաբաններ, նրանք ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս թվացյալ անկախ վերլուծություններով, բայց իրականում նրանք նախկին իշխանությունների հետ կապված մարդիկ են»,- բացատրեց վարչապետը:
Նա նշեց, որ հիասթափվածների շարքերում շատ են մարդիկ, որոնք ներգրավված էին նախորդ իշխանությունների ՓՌ-ի և ռազմավարության մշակման գործում: Այդ մարդիկ, ըստ Փաշինյանի, հանրությանը հայտնի են, որպես ֆեյսբուքյան կամ հասարակական ակտիվիստներ:
«Նրանք բոլորը սպասարկում էին Սերժ Սարգսյանի վերարտադրվելուն, ապա ժառանգորդ օպերացիային, ըստ որի Սերժ Սարգսյանը իշխանությունը պետք է ժառանգեր իր ընտանիքի անդամներից մեկին, անունը բոլորդ գիտեք չնշեմ: Եվ այս պլանները իրականացնելու համար հնգամյա, նույնիսկ տասնամյա ծրագիր են եղել մշակած, որը սպասարկել են բավականին լավ կրթություն ստացած երիտասարդներ, որոնց քաղաքական ամբիցիաները, ապագայի վերաբերյալ պլանները ի չիկ են եղել հեղափոխությունից հետո, և հիմա նրանք էլ են հիասթափված, որովհետև «աներ-փեսա» օպերացիան, որի իրականացումը առաջիկա տաս տարում պետք է այս թիրախային խմբերի շահառուներին ապահովեր աշխատանքով, տապալվել է»,- բացատրեց Փաշինյանը:
Հիասթափվածների հաջորդ խումբը, ինչպես նշեց նա, կրիմինալ է, որի ներկայացուցիչները նախորդ իշխանություններին ծառայություններ են մատուցել, փոխարենը արտոնություններ ստանալով: «Իսկ այսօր նրանք զրկված են այդ հնարավորությունից, քանզի նոր իշխանությունները իրենց ծառայությունների կարիքը չունեն, այլ ընդհակառակը սեղմում է իրենց շուրջ օղակը, ինչի հետևանքով նրանից շատերը փախել են արտերկիր, որոշները բանտում են, մյուսներն էլ շուտով կհայտնվեն այնտեղ»,- հավաստեց վարչապետը:
«Հիասթափվածների հաջորդ խումբը դա կոռուպցիոներներն են, որոնք նույնպես հույս ունեին, որ հեղափոխական իշխանությունը կտապալվի, կգան հները և նրանք նորից կապրեն իրենց ուզած կերպ: Ես չեմ ասում հիմա կոռուպցիա չկա, բայց կոռուպցիոներներին ձերբակալում են և հիմա իրենք վախեցած են և իրենց բարեկեցությունը տուժել է»,- ասաց նա:
Հաջորդ հիասթափվածները, ըստ Փաշինյանի, քաղաքական ուժերն են, որոնք նախորդ իշխանություններին սպասարկում էին, որպես ընդդիմություն, որպես դաշնակիցներ: «Սակայն մեր իշխանության օրոք նրանք անիմաստ են դարձել»,- հավաստեց Փաշինյանը: «Բայց կան նաև իմ կողմից հարգված ընդդիմադիր ուժեր, որոնց նախկին իշխանությունների դեմ մղած պայքարը, ներկա իշխանությունների պարագայում դառնում է անիմաստ»,- բացատրեց վարչապետը:
Հաջորդ հիասթափվածները, ըստ նրա, արևմտամետ ուժերն են, որոնց թվացել է, որ իշխանության են եկել արևմտամետները, ապա հասկացել են, որ դա այդպես չէ և հիասթափվել են: «Հիասթափվածների հաջորդ խումբը ռուսամետներն են, որոնց թվում էր, որ Ռուսաստանը մեր իշխանությանը դեմ կլինի, ինչու են այդպես մտածել չգիտեմ: Նրանք նաև մտածել են, որ Մոսկվայի ճնշման տակ, մեր իշխանության մաս կկազմեն ռուսամետ ուժեր և, տեսնելով, որ այդպես չէ, հիասթափվել են»,- նշեց վարչապետը:
Հաջորդ հիասթափվածները, ըստ վարչապետի, օլիգարխներն են: «Նրանք հիասթափված են, որ ներկա իշխանությունը իրենց ծառայություններին չի դիմում և փաստորեն դրա դիմաց չեն կարող ստանալ արտոնություններ»,- բացատրեց Փաշինյանը:
Նախկին լրագրող վարչապետը նորից նշեց, որ հիասթափվածների շարքերը համալրել են նաև շատ լրատվամիջոցներ, որոնք սնվել են նախորդ իշխանության փողերով. «Հիմա իրենց մեր իշխանությունը չի վճարում»:
Նա նաև նշեց, որ մինչ այսօր էլ լրատվամիջոցների որոշ մասը «սնվում է» նախկին իշխանությունների գումարներով: «Սակայն նրանք անհանգստացած են, քանզի գիտեն, որ շուտով նախկինները էլ գումար չեն ունենալու, որ իրենց վճարեն»,- նախազգուշացրեց վարչապետը: Նա անդրադարձավ իր հիմնած «Հայկական ժամանակ» թերթի շուրջ պտտվող շշուկներին, ասելով, որ թերթը պետք է ֆինանսական հաշվետվություն ներկայացնի: Վարչապետը հավաստեց, որ «Հայկական ժամանակը» ամենա շատ հարկ վճարող թերթերից է:
Հիասթափվածների հաջորդ խումբը, ինչպես նշեց Փաշինյանը, ընկերներ և բարեկամներ են, որոնք ինչ-ինչ նյութականացված ակնկալիքներ ունեին հեղափոխությունից, սակայն դրանք չիրականացան: Սակայն այս բոլոր հիասթափությունները, ինչպես պնդեց վարչապետը, հեղափոխության հաջողության արդյունքն է: «Այո կոռուպցիոներները, օլիգարխները, վաճառվող լրատվամիջոցները և քաղաքական կուսակցությունները, հեղափոխությունից նյութական արժեքներ ակնկալողները, այդ թվում ընկերները և բարեկամները, կրիմինալը, այդ բոլորը պետք է հեղափոխությունից դժգոհ լինեն»,- նշեց նա:
Վարչապետը նկատեց, որ հեղափոխությունը եթե այլ բան էլ տված չլինի քաղաքացիներին, տվել է նրանց ամենա մեծ արժեքը` գիտակցումը, որ այս երկրում որոշում կայացնողները իրենք են, մինչդեռ այդ զգացումից ժողովուրդը զրկված էր 27 տարի: Վերջում վարչապետը նշեց հիմնական լուծում պահանջող հարցերը: Դրանք են` են խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, Սփյուռքի հետ հարաբերությունները և Պետություն-Եկեղեցի համագործակցությունը: «Եկեղեցու հետ համագործակցությունը, Սփյուռքի հետ աշխատանքը հին համակարգով չեն գործելու, պետք է ձևավորվեն նոր համակարգեր»,- նշեց վարչապետը:
«Եվ վերջում ուզում են ասեմ, որ ամեն ինչ լավ է, մենք քայլ առ քայլ գնում ենք հեղափոխության գաղափարները իրագործելու ճանապարհով, և այդ ճանապարհին մեզ ոչինչ չի կանգնեցնի: Դա միայն կարող է անել ժողովուրդը»,- եզրափակեց վարչապետը:


