չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանը խոսել է երթուղիների ապաշրջափակման մասին՝ սահմանին մաքսային, սահմանապահ ծառայությունները կարելի է արտապատվիրակել

Փաշինյանը խոսել է երթուղիների ապաշրջափակման մասին՝ սահմանին մաքսային, սահմանապահ ծառայությունները կարելի է արտապատվիրակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ-ի եթերում, անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի ՛՛արտատարածքային միջանցքի՛՛ մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա և չի կարող լինել, ասաց, որ Օվերչուկի խոսքերի մեջ չկա մի բան, որը ինքը կցանկանար սբագրել:

Նրա խոսքով՝ այդ հարցը վաղուց լուծված կլիներ, եթե Ադբեջանի կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ չարվեին, որոնք ցույց կտային, որ, չնայած աշխատանքային խմբի այլ բովանդակությանը, բայց տողերի տակում Ադրբեջանը փորձում է տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: ՛՛Այս ՛՛միջանցքի՛՛ խոսույթն ի՞նչ խոսույթ է: Նաև ՛՛Արևմտյան Զանգեզուր՛՛ խոսույթը, եթե կա Արևելյան Զանգեզուր, նշանակում է, որ նաև Արևմտյան Զանգեզուր, դա ի՞նչ խոսույթ է»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը մեծապես կարևորեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ընթերցանությունը՝ ասելով, որ այն հրապարակային փաստաթուղթ է, ՛՛դժվա՞ր է բացել կարդալ՛՛:

Հարցին, թե, այնուամենայնիվ,  ի՞նչ է Հայաստանի ասածը՝ Փաշինյանն ընդգծեց՝ այն է, ինչ Օվերչուկն ասել է:

՛՛Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շատ ենք ուզում: Որպեսզի մեր ցանկությունը հստակ արտահայտվի, մենք նույնիսկ ունենք նախագծի անուն՝ ՛՛Հայկական խաչմերուկ՛՛ նախագիծ: Սա մենք ասում ենք՝ ցույց տալու, որ այս գործը համարում ենք մեզ համար կարևոր, մեր սեփականը: Ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա: Կա սկզբունքային համաձայնություն: Ո՞րն է սկզբունքային համաձայնությունը. Այսինքն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են: Կա այդ սկզբունքային համաձայնության վերծանություն: Դա նշանակում է, որ սահմանին պետք է լինի սահմանային հսկողություն, մաքսային հսկողություն: Եվ կա այս վերծանության մեխանիզմների բացահայտում: Ի՞նչ է նշանակում մեխանզիմների բացահայտումը. անձնագրային հսկողությունն ինչպես պետք է արվի, մաքսային հսկողությունն ինչպես պետք է արվի՛՛,-նշեց վարչապետը:

Ըստ նրա՝ այս ամենի վերաբերյալ սկզբունքորեն Ադրբեջանն էլ աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում: Սակայն, ըստ նրա, կան նրբություններ. ՛՛Օրինակ՝ Ադրբեջանն ասում է, որ, քանի որ այսպիսի սուր կոնֆլիկտային իրավիճակ է, իրենք չեն ուզում, որ Հայաստանի սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմանապահի և մաքսավորի հետ: Մենք ասում ենք, որ մենք էլ չենք ուզում, հաշվի առելով կոնֆլիկտային իրավիճակը՝ չենք ուզում, որ Հայաստանի քաղաքացին Ադրբեջանի սահմանը հատելիս առնչվի Ադրբեջանի սահանապահի և մաքսավորի հետ:

Ինչպե՞ս լուծենք այս հարցը: Մենք այդ հարցի լուծման ինստիտուցիոնալ հնարավորություն ունենք, որ, օրինակ, սահմանին կարող են կանգնել ռուս սահմանապահներ: Ադրբեջանի պարագայում այս սկզբունքը կխախտվի, այնտեղ էլ են կանգնելո՞ւ ռուս սահանապահներ․ եթե ադրբեջանցի սահմանապահներ են կանգնելու, նշանակում է, որ սկզբունքը կխախտվի՛՛:

Վարչապետն ասաց, որ հայկական կողմը լուծում է առաջարկել: ՛՛Մենք ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն: Եվրոպայում էլ հիմա կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում, իրենք են այդ գործառույթն իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում՛՛,-նշեց նա:

Պարզ չէ, սակայն, Ադրբեջանը համաձա՞յն է դրան, թե ոչ: Վարչապետն ասաց, որ եթե համաձայն է, ապա կարելի է գնալ այդ լուծմանը:

Խոսելով այն մասին, թե կարո՞ղ է արդյոք այնպես լինել, որ անձնագրերի մեջ դրոշմ չլինի, վՓաշինյանը նշեց՝ այո, կարող է: Կա տարբերակ, որ մուտք գործելիս կտրոն է տրվում, ելքից կտրոնը հանձնվում է, և դրանով գործընթացներն իրականացվում են: Նրա խոսքով՝ կարծես թե կա համաձայնություն, որ ճանապարհային վճարը պետք է վճարվի: Պետք է լինեն նաև ապրանքներ, որոնց տարանցումը պետք է արգելվի:

  • Կիսվել: