շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Էրդողանի հետ անկեղծ քննարկում ենք ունեցել կոմունիկացիաների բացման, Անիի կամրջի վերաբերյալ. Փաշինյան

Էրդողանի հետ անկեղծ քննարկում ենք ունեցել կոմունիկացիաների բացման, Անիի կամրջի վերաբերյալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր վերջին հանդիպումը։ 

Պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջին հանդիպման վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշեց, որ քննարկումները եղել են բաց ու անկեղծ։ 

«Ես Թուրքիա էի գնացել ոչ թե հայ-թուրքական օրակարգով, այլ Հայաստան Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերությունների օրակարգով։ Սա կարևոր նրբություն է։ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից իմ տպավորությունները դրական են։ Բոլոր հարցերը քննարկվել են՝ կոմունիկացիաների բացումից մինչև Անիի պատմական կամրջի վերականգնում», – մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը։ 

Փաշինյանը ասաց, որ թեև հանդիպումը չի հանգեցրել կոնկրետ արդյունքների, օրինակ՝ սահմանը չի բացվել, բայց գործընթացը պետք է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով։ 

«Այդպիսի բարդ և խորը խնդիրները մեկ գործողությամբ չեն լուծվում։ Պետք է վստահություն ստեղծել, նաև հանրություններին նախապատրաստել։ Բայց ես կասկած չունեմ, որ այդ կետին հասնելու ենք՝ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սահմանը կբացվի»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Վարչապետը շեշտեց, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների ձևավորումը բխում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության ռազմավարությունից։ 

 

  • Կիսվել: