ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ձեր պատվին առաջին ձյունն է եկել. Փաշինյանը հյուրընկալել է Եգիպտոսի նախագահին

Ձեր պատվին առաջին ձյունն է եկել. Փաշինյանը հյուրընկալել է Եգիպտոսի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Փաշինյանը։ Նա նաև կից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են դիմավորման ու առանձնազրույցի կադրերը։
 
Փաշինյանը հանդիպման ընթացքում նշեց, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այնտեղի ժողովրդի նկատմամբ։  «Հույս ունեմ, որ այցի արդյունքներով տնտեսական հարաբերությունները կակտիվանան»,– ասաց ՀՀ վարչապետը։
 
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին էլ շնորհակալություն հայտնեց հրավերի ու ջերմ ընդունելության համար։ «Շնորհակալ եմ նաև այն դինամիկ զարգացման համար, որն ապահովվում է մեր երկու երկրի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Կարող ենք արձանագրել, որ և՛ Հայաստանի ու Եգիպտոսի ղեկավարների, և՛ ժողովուրդների մակարդակով կա փոխադարձ վստահություն։ Սա մեզ հնարավորություն է տալիս էլ՛ ավելի հեռանկարային զարգացում ապահովել 2 երկրների հարաբերություններում։ Խոսքը բոլոր ոլորտների մասին է` տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, ներդրումային և այլն»,– ասաց Եգիպտոսի նախագահը։
 
Նրա խոսքով` շատ հնարավորություններ կան բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար։

  • Կիսվել: