Փաշինյանը ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը. Արթուր Վանեցյան
Իշխանություններն իրենց կեղծ թեզերով, թուրքադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել մեր օրակարգից: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռննակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժմանակ նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի դրոշն այրելու վերաբերյալ հայտարարություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց. «Եթե Փաշինյանը միայն ցավար դրոշների համար և որևէ գործողություն չաներ, որը կբխեր ոչ թե հայկական պետության, այլ բացառապես թուրքադրբեջանական շահերից, կարող էինք այդ հայտարարությունը որակել որպես երկրի ղեկավարի հայտարարություն, որը ցանկանում է հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ։ Բայց այս իրավիճակում Փաշինյանի խոսքերը տեղավորվում են այնտեղ, որ հերթական անգամ ինքն ավելի եռանդով սպասարկում է թուրքադրբեջանական, քան հայկական շահերը»։
ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրեց, որ 2019-ին հրաժարական ներկայացնելիս հստակ խոսել է դրա պատճառների մասին. «Այն ժամանակ չեմ տեսել, որ նման քայլեր իրագործվում են, բայց մարդ, ով տիրապետում է մի քիչ ավելի շատ տեղեկատվության ու վերլուծելու ունակություն ունի, հասկացել եմ, որ այո, մեր երկիրը գնալու է այն ճանապարհով, որով գնացել է։ Բայց անգամ ամենավատ երազում չէի կարող պատկերացմնել, որ հասնելու ենք այս իրավիճակին, որն ունենք այսօր»։