հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Փաշինյանը 130 մլն տվել էր, 4 ինքնաթիռ էր բերել սելֆիի համար, 130 մլն էլ թող տրամադրեին օդը փակելու համար. Ծառուկյան

Փաշինյանը 130 մլն տվել էր, 4 ինքնաթիռ էր բերել սելֆիի համար, 130 մլն էլ թող տրամադրեին օդը փակելու համար. Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ճիշտ քայլ է համարում «Հայրենիքի փրկության շարժման» ստեղծումը, քանի որ համախմբված ուժերով միայն հնարավոր է լուծել կապիտուլյացիոն ակտի, տնտեսական խնդիրների հարցերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Այս մասին ԲՀԿ առաջնորդն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե շարժման կողմից առաջարկած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի կողմից անհրաժեշտ ծավալի աջակցություն, խորհրդարանում հենարան չունի: Այս առնչությամբ Ծառուկյանը նշեց. ՛՛Ես իմ համաձայնությունը տվել եմ նրա թեկնածությանը: Վազգեն Մանուկյանը, ով մասնակցել է անկախ պետության ստեղծմանը, եղել է վարչապետ, եղել է Պաշտպանության նախարար և նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձը՛՛:

Հարցին՝ ինչու չի անձամբ առաջադրվել, պատասխանեց, թե դա իր անձնական որոշումն է, հետագայում երբ առիթ լինի, կխոսի այդ մասին:

Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև կառավարության հեռացման անհրաժեշտության մասին: Նա ասաց, որ աշխարհում չկա մի դեպք, երբ այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած, այսքան զոհեր տված, Արցախի 75 տոկոսը հանձնած որևէ երկրի ղեկավար փորձի մնալ իշխանության: Դատարկ խոսելով, հեքիաթ պատմելով, ֆեյքերով երկիր չես կարող կառավարել:

Անդրադառնալով պատերազմից հետո անտուն մնացած գերիների, անհետ կորածների խնդիրներին՝ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության ղեկավարն ասաց, որ անհասկանալի է այն պատասխանը, թե՝ գնացեք, թողեք աշխատենք: ՛՛Եղբայր, մարդն իր կեսն է թողել, չի կարելի այդպես վերաբերվել, իրականությունն ասեք, քայլեր կատարեք, բանակցեք, որ մարդիկ չգժվեն, սա անընդունելի է: Այսօր պետք է արդարացի մոտեցում և խնդիրներին ճիշտ լուծում տանք. մարդկանց խնդրի, ողբի, սգի մեջ պետք է մտնես՛՛,-նշեց նա:

Ծառուկյանի խոսքով՝ ցանկացած պատասխանատու երկրի ղեկավար պետք է այս հարցրեով զբաղվեր, որը, սակայն, չենք տեսնում: Այս իշխանությունը, ըստ նրա, անկարող է երկիրը զարգացնել:

ԲՀԿ ղեկավարը համոզմունք հայտնեց, որ այս պատերազմում մեծ կորուստների պատճառը եղել է անօդաչու սարքերի դեմ պայքարի անհնարինությունը:

Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Օդը բաց է եղել: Նիկոլ Փաշինյանը 130 միլիոն տվել էր, 4 ինքնաթիռ էր բերել սելֆիի համար, 130 միլիոն էլ թող տրամադրեին օդը փակելու համար և վերջ, հարցը փակվում էր: Պատրազմին վատ նախապատրաստվելու համար ներկայիս իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի: Պետք է պատասխան տա, չհասկացա, բա այս խայտառակ պարտության, այս զոհերի պատասխանը ո՞վ է տալու, ով ղեկավարել է, նա էլ պետք է պատասխան տա, հիմա կտան, հետո կտան, չգիտեմ, բայց ոնց կարող են չտալ՛՛:

 

 

  • Կիսվել: