Փաշինյանն ընդամենը իրեն թելադրած օրակարգից պաշտպանվում է, ընտրել է «հարձակումը լավագույն պաշտպանությունն է» մեթոդիկան. Օսկանյան (Տեսանյութ)
Փաշինյանը չի կարող օրակարգ թելադրել, փոխեք այս մոտեցումը. ֆեյսբուքյան եթերից տեսաուղերձով հայտարարեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ ի պատասխան այն պնդումներին, որ թեև Փաշինյանը քաղաքական դիակ է, բայց այդուհանդերձ օրակարգ է թելադրում։
«Հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։ Եկեք փոխենք այս մոտեցումը, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս, իսկապես Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել։ Ինչպես կարող է մի մարդ, որն ընդամենը սոցիալական հարցումներում 10-15 տոկոս հեղինակություն ունի, մի մարդ, որ պատերազմ է բերել, պարտվել, հազարավոր զոհեր է տվել, ՀՀ-ից տարածքներ է հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսությունը ծանր վիճակի մեջ է դրել, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախված են բոլոր տեսակի չարաշահումների մեջ հենց բյուջեից, և այդ բոլորի ղեկավարը ո՞նց կարա օրակարագ թելադրի»,-ասաց նա։
Օսկանյանը պնդեց, որ Փաշինյանն ընդամենը իրեն թելադրած օրակարգից պաշտպանվում է։ «Ինքն այսօր արդացաման գործընթացի մեջ է, նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է, նա խնդիր ունի իր իշխանությունը պահելու և պարզապես ընտրել է «հարձակումը լավագույն պաշտպանությունն է» մեթոդիկան»։
Նա օրինակ բերեց եկեղեցու դեմ ոտնձգությունները. «Օրակարգն այնտեղ թելադրել է Հայոց հայրապետը՝ իր ելույթով, Ղարաբաղի հարցում օրակարգ է թելադրում Արցախի խորհրադարանի կողմից ստեղծված հանձնաժողովը, օրակարգ է թելադրում ՀՀ քաղաքացին՝ փողոցում տված իր հարցազրույցով, երբ հակադրվում է Փաշինյանին։ Այսօր դուք եք օրակարգ թելադրում, Փաշինյանը չի կարող օրակարգ թելադրել, փոխեք այս մոտեցումը։ Եթե ուզում ենք իսկապես պայքարենք ու շուտ հաղթենք, մեր մոտեցումը պետք է փոխենք։ Փաշինյանին դրեք իր իսկական տեղը, նա ընդամենը իր անգործությունով պաշտպանվում է»,-ասաց Օսկանյանը։