շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանն ու Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

Փաշինյանն ու Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սենատ և հանդիպում ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Վերջինս ողջունել է վարչապետի այցը Փարիզ և նշել, որ այն տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի` Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու խորհրդանշական արարողության կապակցությամբ: Սենատի նախագահն ընդգծել է, որ այսպիսով Ֆրանսիան իր երախտիքն է արտահայտում Միսաք Մանուշյանին և նրա ընկերներին` երկրի ազատագրման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար: Ժերար Լարշեն շեշտել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը ու ևս մեկ անգամ վերահաստատել Սենատի լիակատար աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, հավելելով` որ պարոն Լարշեին ՀՀ կառավարությունը, և ընդհանրապես հայ ժողովուրդն, ընկալում է որպես սերտ բարեկամ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևերի համար, որոնք ընդգծում են աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Վարչապետը նշել է, որ այսօր Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու իրադարձությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ոչ միայն քաղաքական, տնտեսական, պատմական, այլ նաև խորը էմոցիոնալ կապը:

Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: