հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանն ու Ալիևն արցախյան իրադարձություններից հետո առաջին անգամ կմասնակցեն ԱՊՀ գագաթնաժողովին

Փաշինյանն ու Ալիևն արցախյան իրադարձություններից հետո առաջին անգամ կմասնակցեն ԱՊՀ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ իրադարձություններից հետո առաջին անգամ կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Երևանն ու Բաքուն դեռ չեն հայտարարել միջոցառման շրջանակում քաղաքական գործիչների երկկողմ հանդիպում անցկացնելու պլանների մասին:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։

Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են հուլիսի 15-ին Բրյուսելում, սա այս տարվա նրանց հինգերորդ հանդիպումն էր։

Փետրվարին նրանց միջև բանակցությունները տեղի ունեցան Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Մայիսին Փաշինյանը և Ալիևը Բրյուսելում և Մոսկվայում հանդիպել են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հունիսին Շառլ Միշելը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միացան Մոլդովայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին։

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները Գրանադայում և Բրյուսելում այս աշնանը չկայացան՝ չնայած դրանց նախապատրաստմանը և ձեռք բերված պայմանավորվածություններին։

Լրատվամիջոցը նշում է՝ ԼՂ շրջափակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություն սկսեց, որի արդյունքում Ալիևը հայտարարեց, որ «հանրապետությունը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։ «Մի քանի օրվա ընթացքում ԼՂ-ից Հայաստան է մեկնել ավելի քան 100 հազար բնակիչ»,-գրում է լրատվամիջոցը։

Անցյալ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել խաղաղության պայմանագիրը։ Այս տարվա մայիսի վերջին Փաշինյանը ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Երևանի դիրքորոշումը չփոխվի։

  • Կիսվել: