կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Փաշինյանն Ապարանում հանդես է եկել «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան» բանախոսություններով

Փաշինյանն Ապարանում հանդես է եկել «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան» բանախոսություններով

Այսօր Ապարանի մշակույթի տանը կայացավ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը»
բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի նախաձեռնած
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը:

Քաղաքացու օրը Ապարանում նշվում էր մեծ շուքով` պետականությանը և
քաղաքացու ազատ խոսքին նվիրված տոնակատարությամբ, իսկ «Կրթվելը նորաձև է»
շարժման հանդիպումը միջոցառմանը հաղորդեց լրացուցիչ խորություն՝
ընդգծելով կրթության և ինքնազարգացման կարևորությունը, որի շնորհիվ մենք
հնարավորություն կունենանք մեր դարավոր խնդիրները չփոխանցել ապագա
սերունդներին։

Ի դեպ, հանդիպման մասնակիցների մեծամասնությունը Ապարանի կրթական տարբեր
կենտրոնների և ուսումնական հաստատությունների երիտասարդներ էին:

Միջոցառումն անցկացվեց արդեն սիրված ձևաչափով. բացման խոսքով հանդես եկավ
տիկին Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ Շարժման մասնակիցների թիվն արդեն
գերազանցել է 3000-ը, և այսօր առավել քան երբևէ կարևոր է ձևավորել
կրթվելու և ինքնազարգացման նոր մշակույթ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան»
բանախոսությունների ընթացքում կարևորեց գիտելիքի գործնական կիրառման
անհրաժեշտությունը և հիշեցրեց, որ արդեն յոթ տարի Հայաստանի
Հանրապետության իշխանությունը պատկանում է քաղաքացուն։ Նա նաև խոսեց
հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի, քաղաքացիական ակտիվության և պետության
հանդեպ պարտավորվածության մասին:

Հանդիպման գեղարվեստական հատվածում հանդես եկան «ՔԱՄԱՆՉԱ» ժողովրդական
նվագարանների համույթը, ինչպես նաև Ապարանի մշակույթի կենտրոնի
ժողովրդական պարերի և էստրադային վոկալ համույթները՝ ստեղծելով տոնական և
ոգեշնչող մթնոլորտ:

Հանդիպման թերևս ամենաակտիվ մասը հարցուպատասխանի բաժինն էր, որտեղ
Ապարանի երիտասարդությունը հետաքրքրվեց կրթության, «Իրական Հայաստան»
գաղափարի, երկրի անվտանգության, բանակում իրականացվող բարեփոխումների և
Հայաստանի ապագային վերաբերող այլ հարցերով:

«Կրթվելը նորաձև է» շարժումը շարունակում է իր ճանապարհը՝ կրթության
հանդեպ սեր և պատասխանատվություն սերմանելով Հայաստանի համայնքներում՝
հավատալով, որ այսօր ներդրված ջանքերն ապագայում կբերեն գիտակից, ուժեղ և
պատասխանատու քաղաքացիական հասարակության կայացմանը։

  • Կիսվել: