Փաշինյանն անգամ նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր՝ որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու. Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սամվել Կարապետյանի մասին արված հայտարարություններին, որում մասնավորապես գրել է․
«Սկզբում Սամվել Կարապետյանին սպառնում են, թե հայոց սրբությունները՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, մի՛ պաշտպանիր, այլապես ՀԷՑ-ը կխլենք, նա էլ ի պատասխան հայտարարում է. «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ»։ Ի նկատի ունենալով, որ չեն կարող ՀԷՑ-ով վախեցնել և ստիպել, որպեսզի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր սրբություններին ու ինքնությունն ուրանա։
Ու այդ խոսքը վարչապետը և իշխանության այլ ներկայացուցիչներ մանիպուլացնում են, թե նա թքած ունի ռազմավարական նշանակության հիմնարկի վրա, ուստի այն պետք է ազգայնացնենք, պետականացնենք. այլ կերպ ասած՝ մասնավոր սեփականության հիմնարար իրավունքը ոտնահարենք ու մարդու սեփականությունը ձեռքից խլենք։
Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանն անգամ մի նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր, որ որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու։
Եվ հետո, ասենք թե խլեցին՝ պարզ է չէ՞, որ վերադարձնելու ենք այդ սեփականությունն իր օրինական տիրոջը, իսկ խլողները պատասխանատվության են ենթարկվելու»։