ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանին զարմացնում է «Մարտի 1-ի» գործով դատավարությունը

Փաշինյանին զարմացնում է «Մարտի 1-ի» գործով դատավարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացնում է ՛՛Մարտի 1-ի՛՛ գործով դատավարությունը: Այս մասին վարչապետն ասաց այսօր Նվեր Մնացականանին տված հարցազրույցի ժամանակ:

Վարչապետն ասաց. ՛՛Մենք ունենք գործեր, որոնք, օրինակ արդեն երկար ամիսներ դատարանում են, բայց այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Որպեսզի հանրությանն այս տերմինի տարբերությունը կարողանանք ներկայացնել, ո՞րն է դատաքննության փուլը. երբ սկսվում են հետազոտվել ապացույցները, թե առաջադրված մեղադրանքն ինչքանով է հիմնավորված: Մենք ունենք այսպիսի բազմաթիվ գործեր, ընդ որում շատ հայտնի անձանց, ամբաստանյալների ներգրավմամբ, որոնք այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Ամիսներով դատ է գնում, և դեռևս քրեական գործը չեն բացել, տեսնեն՝ ի վերջո մեջն ինչ է գրված՛՛:

Նրա խոսքով՝ այստեղ թե՛ Դատախազությունը, թե՛ Արդարադատության նախարարությունը, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդը, թե՛ ԱԺ-ն ունեն անելիքներ:

՛՛Իրականում վեթինգի այն գործիքը, որը հնարավոր էր Հայաստանի Սահմանադրության պայմաններում կիրառել՝ կիրառվում է: Հենց այսօր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է և շարունակելու է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ դատավորների գույքային իրավիճակի ստուգումը:

Ընդ որում, այս գործիքն արդյունավետ դարձնելու համար օրենսդրորեն հնարավորություն ենք տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքների նկատմամբ: Այսինքն, եթե որևէ դատավոր կոռումպացված է, եթե չեն կարող ասել՝ բոլորն առանց բացառության կոռումպացված են, բայց եթե որևէ դատավոր կոռումպացված է՝ այդ կոռուպցիան պետք է ունենա գույքային որևէ հետք:

Գույքային հետքը գտնելու մեխանիզմը բանկային գաղտնիքն է և ունեցվածքի վերաբերյալ պատկերացում կազմելու գործիքները տալը: Մենք այդ գործիքները տվել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և եթե էլի գործիքներ անհրաժեշտ լինեն՝ այդ գործիքներն էլ կտանք:

Էլ չեմ ասում, որ նոր ընդունվող դատավորների, նոր դատավորի կարգավիճակ ստացող անձանց վերաբերյալ այդ գործողությունը կրկնակի, եռակի անգամ ավելի խորությամբ է իրականացվում: Իսկ ինչո՞ւ մյուսների նկատմամբ եռակի անգամ ավելի խորությամբ չի իրականացվում, որովհետև կա սահմանադրական արգելք՛՛,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ, սակայն, սա չի նշանակում, թե այդ պրոցեսն այլընտրանքային եղանակներով օրինական ձևով իրականացնելու հնարավորություն չկա: ՛՛Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունը կօգտագործվի՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: