ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանին պետք է շնորհակալ լինենք, ահռելի աշխատանք է տանում. Վահագն Խաչատուրյան

Փաշինյանին պետք է շնորհակալ լինենք, ահռելի աշխատանք է տանում. Վահագն Խաչատուրյան

Ես 1988-ից ղարաբաղյան շարժման մեջ եմ եւ իմ սկզբունքներից, մոտեցումներից, գաղափարներից չեմ հրաժարվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի մեղադրանքին, թե ինքը ամբողջովին շեղվել է այն գաղափարներից, որոնց դավանել է եւ դարձել, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի խոսափողը:

«Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,-ասաց նա:

«1988-ին բոլորս դուրս ենք եկել մի նպատակով, որ ամեն ինչ անենք, որ այնտեղ տեղի ունեցող, Ադրբեջանի կողմից վարվող, ցեղասպանություն չասեմ, համենայնդեպս, հայաթափման քաղաքականությունը դադարեցվի: Այն ժամանակ տարբեր մոտեցումներ ենք ունեցել, խնդիրները տարբեր են եղել, տարբեր իրավիճակներում ենք մենք հարցը քննարկել, բայց իմ գաղափարների դեմ ես երբեք չեմ գնացել»,-ասաց ՀՀ նախագահը:

Հարցին, թե ինչու է ինքն անընդհատ շնորհակալություն հայտնում Նիկոլ Փաշինյանին, Վահագն Խաչատուրյանը պատասխանեց. «Շնորհակալություն այն աշխատանքների համար, որ կատարում է  կառավարությունը, որ կարողանում ենք այս ծանրագույն իրավիճակում կառավարել Հայաստանի շուրջ տեղի ոունեցող  իրադարձությունները: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել, եւ հիմա էլ առիթն օգտագործելով շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ բոլորդ էլ ականատես եք այն ահռելի աշխատանքին, որ կատարվում է: Ամեն ինչ չէ, որ հրապարակայնացվում է, կան աշխատանքներ, որոնք չեք տեսնում, բայց դրանց արդյունքը կլինի այն, որ դրա արդյունքում մենք մեր անվտանգության համակարգերը ավելի ենք կարգավորում, կանոնակարգում, ուժեղացնում»:

  • Կիսվել: