Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը, Սևան-Հրազդան կասկադը ես վերադարձրել եմ Հայաստանին. Սամվել Կարապետյան
Ես այն մարդն եմ, ով Հայաստանին է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից: Այս մասին այսօր հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով գործող իշխանության պնդումներին, թե ինքը «կախման մեջ է» Ռուսաստանից և ընտրություններում հաղթանակի դեպքում Հայաստանի ենթակառուցվածքները «կհանձնի» Ռուսաստանի կառավարմանը։
Կարապետյանը, մասնավորապես, ասել է. «Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը ես վերադարձրել եմ Հայաստանին, Հրազդանի ՋԷԿ-ը, Սևան-Հրազդան կասկադը ես վերադարձրել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան»։
Լրագրողների հարցին՝ մտավախություն չունի՞, որ Ռուսաստանում կուտակած իր կապիտալը, ինչպես իշխանություններն են պնդում, կարող է դառնալ իր նկատմամբ «ճնշման գործիք», Սամվել Կարապետյանը պատասխանել է. «Բացարձակ մտահոգ չեմ»։
Կարապետյանը նաև ընդգծել է, որ իրենք իշխանության են գալիս` հայ ժողովրդին բարեկեցիկ ապագա պարգևելու համար։
«Իշխանության են գալիս արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։ Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին՝ ի տարբերություն ներկա իշխանությունների, ովքեր բյուջեն լցնում են սեփական գրպանները»,-ասել է նա:


