շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Փաշինյանի ասած իրական Հայաստանը ողբացող Հայաստանն է, հայ ժողովուրդն է, որին մղում է դեպի կառափնարան. Արծվիկ Մինասյան

Փաշինյանի ասած իրական Հայաստանը ողբացող Հայաստանն է, հայ ժողովուրդն է, որին մղում է դեպի կառափնարան. Արծվիկ Մինասյան

Դուք մեր ժողովրդին մղում եք  ցեղասպանության նոր շրջափուլ ու դրանով համարում եք, որ նոր Հայաստան եք կառուցում, իրական Հայաստան եք կառուցում... Ձեր ասած իրական Հայաստանը Հայաստան չլինելն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով նիստին ներկա Նիկոլ Փաշինյանին։

Ըստ նրա, Փաշինյանի ասած իրական Հայաստանը ողբացող Հայաստանն է, հայ ժողովուրդն է, որին մղում է դեպի կառափնարան. «Մենք գործ ունենք շարունակ կորուստներ ձեռք բերող մի իշխանության հետ, որ հերթական մոլորեցնող քայլերն է իրականացնում այս ամբիոնից, հրապարակային հայտարարելով, թե իբր ձեզ սպասում է պայծառ ապագա։ Այս իշխանության շարունակման պարագայում ոչ միայն ապագան պայծառ չի լինելու, վաղվա օրն է մթագնելու: Դա պարզ երևում է։

Ով ընդդիմանում է Նիկոլ Փաշինյանին կամ քրեական գործով է անցնում, կամ պատգամավորական անձեռնմխելիությունից  է զրկվում, կամ եթե պատգամավոր չէ անպայման կողքերից 1-3 պոզ աճում է և մեղադրվում է այդ մարդը պոզավոր լինելու մեջ: Ուրիշ որևէ այլ բացատրություն չկա, կամ երբ տեսնում եք, որ որևէ այլ բացատրություն չկա, էլի հիշում եք նախկինների թալանը, բա ձեր թալանների մասին ո՞վ պետք է խոսի»,- հայտարարեց նա:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դիտարկմանը, թե ընդունո՞ւմ է, որ նախկինում թալան է եղել, Մինասյանն ասաց՝ իհարկե, եղել է, հիմա էլ է շարունակվում:

«Պարոն Ռուբինյա'ն, դուք ասեք` Քըլըչը ի՞նչ էր ասում ձեզ, ձեր ականջին, կամ ձեր ականջին չէր ասում, ինչ- որ տեղ էր ասում»,- արձագանքեց Մինասյանն ու շարունակեց. «Պարոն Փաշինյան, ես ձեզ ճանաչել եմ շատ վաղուց, գիտեմ, որ շատ հաճախ դուք քայլեր եք անում, հետո նոր եք հետ գալիս ու մտածում՝ պետք էր անել այդ քայլը, թե՝ ոչ: Մի անգամ խնդրանք ունեմ ձեզ, այս անգամ հելեք ու այս ամբիոնից ասեք՝ ժողովուրդ ես հեռանում եմ, հրաժարական եմ տալիս, գնացեք, ընտրեք ձեր ուզածներին, թող այդ մարդիկ գան, ձեզ ներկայացնեն այն բանաձևը, որը Հայաստանը այս վիճակից դուրս կբերի»։

  • Կիսվել: