չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փառք մեր բանակին, որ երեկ, չնայած Երևանի սրտում արված դիվերսիային, չեն տրվել դրան. Ալեքսանյան

Փառք մեր բանակին, որ երեկ, չնայած Երևանի սրտում արված դիվերսիային, չեն տրվել դրան. Ալեքսանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ վարչապետի երեկվա ելույթին, ինչպես նաև սահմանային իրավիճակին:

«Երեկ շարունակվեցին մարտերը, մենք ունեցանք մարտական որոշակի հաջողություններ: Դրանից հետո ՀՀ վարչապետն այս բարձր ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ն իր սուվերեն տարածքից մի միլիմետր անգամ չի պատրաստվում զիջել ոչ ոքի, որ մենք պատրաստ ենք մեր տարածքի ամեն մի միլիմետրի համար կռվել:

Ի՞նչ եղավ դրանից հետո: Սկսվեց ինֆորմացիոն դիվերսիա կոլաբորացիոնիստական ուժերի կողմից, ովքեր ղեկավարվում են Հայաստանից դուրս գտնվող կենտրոններից, ովքեր անհայրենիք սրիկաների նման սնվում են Հայաստանից դուրս գտնվող կենտրոններից, ստացան հրահանգ Հայաստանի զինվորների թիկունքում բացել երկրորդ ճակատը, հրապարակեցին մի կեղծ փաստաթուղթ, որն իբր ստորագրվել է կամ ուր որ է կստորագրվի, որն ընդհանրապես գոյություն չունի որպես այդպիսին: Հետո վարչապետի ելույթից մի րոպեանոց հատված կտրեցին ու փորձեցին չգիտեմ ինչ կերպ ներկայացնել ու՝ հասեք, փրկեք, ստորագրում է:

Այդ ընթացքում սկսեցին զանգել սահմանամերձ բնակավայրեր, թե իբր՝ հանձնել է, փախեք, փրկվեք: Ու այս ամենը նրա համար, որովհետև շատ խիստ ազդվել էին ՀՀ զորքերի՝ երեկ տված կատաղի մարտերից, այն դիմադրությունից, որ ցույց էին տվել մեր տղերքը, ու ամենակարևորը՝ խիստ վրդովված էին նրանք ու նրանց տերերը, որ ՀՀ վարչապետն այս ամբիոնից հայտնեց, որ միջանցք չի տալու:

Փառք մեր բանակին, որ երեկ, չնայած այս տեղեկատվական դիվերսիային, չնայած Երևանի սրտում արված դիվերսիային, չեն տրվել դրան, ամուր են մնացել իրենց տեղերում, չեն բարոյալքվել»,- ասաց Ալեքսանյանը:

  • Կիսվել: