հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարոն նախարար, ինչո՞ւ չեք պայմանավորվել գոնե իշխանական պատգամավորների հետ, որոնք ձեզ հետ նույն թիմում են. Պատգամավորը՝ Ռուստամ Բադասյանին

Պարոն նախարար, ինչո՞ւ չեք պայմանավորվել գոնե իշխանական պատգամավորների հետ, որոնք ձեզ հետ նույն թիմում են. Պատգամավորը՝ Ռուստամ Բադասյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի դատական համակարգը գտնվում է ոչ ստանդարտ իրավիճակում և այդ պատճառով էլ կառավարությունը ներակայացրել է դատավորների բարեվարքության մասին նախագծերի փաթեթը:

«Շատ լավ կլիներ, որ ամեն ինչ լիներ անթերի, առանց խնդիրների և կարիք չլիներ փոխել որևէ դրույթ: Բայց դատական համակարգի ինքնամաքրումն ու զտումը անհրաժեշտ է ու դրա հետ ոչ ոք չի կարող չհամաձայնել», -այսօր Ազգային ժողովում աղմկահարույց փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց Հակոբյանը:

Այդուհանդերձ, պատգամավորը չի կարծում, թե դատական համակարգում բոլոր դատավորներն են կոռումպացված: Հակառակը, կան «ազնվագույն դատավորներ»: «Բայց մենք ունենք շատ դառըւ փորձ, որ այն դատավորները, ովքեր տարիներ առաջ մտել են այսօես կոչված իրավական տասովկեքի մեջ, փաստաբանների հետ ինչ-որ հարցեր են լուծել, հիմա ինչ ուզում ես արա, էդ մարդիկ այպես են արել: Պետք ա ինչ-որ ձև այդ հարցը լուծել, մաքրել: Չի կարելի հատվել մի իրավիճակի հետ, որը չի բխում ՀՀ քաղաքացու շահերից», ԱԺ ամբիոնից հայտարարեց Վաղարշակ Հակոբյանը:

Օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում պատգամավորն ասաց՝ իր համար տարօրինակն այն է, որ իշխանական խմբակցության պատգամավորները ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հետ միասին քննադատում են ներկայացված նախաձեռնությունը:

«Չեղավ մի իրավաբան, որ գա, կանգնի էստեղ ու ասի՝ նորմալ ա: Սա ի՞նչ բան է: Պարոն նախարար, հարցս շատ կոնկրետ է՝ ինչո՞ւ չեք պայմանավորվել ձեր գոնե իշխանական պատգամավորների հետ, որոնք ձեզ հետ միասին գտնվում են միևնույն թիմում, որպեսզի այսպիսի ելույթներ չլինեն: Սա ինձ հետաքրքիր է», դիմելով դահլիճում նստած արդարադատության նախարար Ռուսատմ Բադասյանին, հայտարարեց Վաղարշակ Հակոբյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանում արդեն երկու օր քննարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությամբ փոփոխվել է էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը: Հանձնաժողովի կազմում, ըստ առաջարկվող փոփոխության, ընդգրկվում է ութ անդամ, որոնցից երկուսը` մասնագիտացված դատարանների դատավորներից` յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից մեկ դատավոր, երկուսը` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը` Վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` Վճռաբեկ դատարանի դատավորներից: Բացի դատավորներից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ընդգրկվում են 2 հեղինակավոր իրավաբան գիտնական` հասարակական կազմակերպություններից ներկայացված, որն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել է գովասանքի և նշվել, որ դա լրացուցիչ թափանցիկություն է հաղորդելու հանձնաժողովին:

Կառավարությունն առաջարկում է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկել 5 անդամ: Գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում դրանց քննության, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները:

Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ: Վերացվել է դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը, ինչպես նաև իջեցվել է դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դառնալով 25:

  • Կիսվել: