Պարո՛ն Ղազարյան, Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, հրաժարակա՛ն տվեք, ափսոս եք. Վարդանյանը՝ ՆԳ նախարարին
Թո՛ւյլ տվեք դիմել, ցավոք, բացակա ՆԳ նախարարին, ես կնայեմ էկրանին: Պարո՛ն նախարար, Ոստիկանության զինանշանի վրա գրված է՝ «ծառայում ենք օրենքին և ժողովրդին», Ձեր ղեկավարած համակարգն այսօր ո՛չ օրենքին է ծառայում, ո՛չ ժողովրդին։ Այս մասին այսօր 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Երկու տարբերակ՝ կամ փոխեք զինանշանը և գրեք՝ «ծառայում ենք մի մարդու», կամ վերադարձեք Ձեր կոչմանը։ Այն, ինչ Ձեր ենթականերն արեցին մայիսի 27-ին Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի, մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ, հանցագործություն է։
Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, պարո՛ն Ղազարյան, հրաժարվե՛ք հակապետական վարքագծից, Դուք այսօր պետությանը չեք ծառայում, ափսոս եք»։
Պատգամավորը հիշեցրեց, որ 2020 թվականի պատերազմից հետո ինքը երկու գեներալի, ովքեր նույպես ծառայել էին Փաշինյանի ռեժիմին, խորհուրդ է տվել դիմում գրել, հրաժարական տալ, ազատվել աշխատանքից, նրանք լսել են ու հիմա ազատ ապրում են․
«Նույն խորհուրդը Ձեզ, հրաժարակա՛ն տվեք։ Հիմա այստեղ չեք, պատասխան, արձագանք չեմ ակնկալում, բայց երբ մենակ մնաք, մտածեք և որոշում կայացրեք»,-նշեց նա։
Նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ՝ ՆԳ նախարարն ուշադիր կլսի և կհավաստիացնի, թե ինչ քայլեր է անում»։
Ի պատասխան՝ Վարդանյանը Քոչարյանին հորդորեց չպատասխանել ՆԳ նախարարի փոխարեն։



