հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պապիկյանն արդեն «ապահովագրել է» իր ղեկավարած նախարարության աշխատակիցներին. «Ժողովուրդ»

Պապիկյանն արդեն «ապահովագրել է» իր ղեկավարած նախարարության աշխատակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հետընտրական Հայաստանում կրկին պետական ապարատը, կարելի է ասել, «սթրեսի» մեջ է: Նախ սպասվում են մի շարք նախարարների փոփոխություններ, որոնք ենթադրում են առաջնահերթ հայեցողական, ապա՝ մնացած տեսակների պաշտոնյաների փոփոխություններ: Բացի այդ, հասկանալի է, որ կսկսվի նաեւ «վհուկների որս»՝ քաղաքական վենդետայի մոտիվներով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական ՔՊԿ-ում քննարկվել է թեման, թե ինչպես ընտրություններից առաջ ողջ պետական համակարգի մեծ մասը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատել, քվեարկել, ու դրա համար քաղաքական վենդետաները չեն ուշանա:

Մյուս կողմից՝ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում պետական մի շարք գերատեսչություններում, ինչը եւս ենթադրում է կրճատումներ, ազատումներ: Մարդիկ չգիտեն՝ կառուցվածքային փոփոխություններից հետո իրենք կմնան իրենց պաշտոնին, թե ոչ: Սա բերել է համատարած անգործության, ընդ որում՝ շատ պետական գերատեսչություններում նման վիճակ էր դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անորոշության մեջ են, օրինակ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները: Բանն այն է, որ Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում եւ անգամ իրենց աշխատանքային ճակատագրով հետաքրքրվող մտերիմներին հստակ ոչինչ չի ասել:

Միայն շշուկներ կան, որ Սուրեն Պապիկյանն արդեն «ապահովագրել է» իր ղեկավարած նախարարության աշխատակիցներին. ներքին պայմանավորվածություն ունի` ով էլ նշանակվի ՏԿԵ նախարար, իր կադրերին ձեռք չի տալու: Մի խոսքով, հայտնի ճշմարտության նման՝ տերովին տերն է տարել, անտերին…»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: