Ովքեր ասում են՝ գնացեք, մենք նոր ենք, մենք կգանք, իրենք չեն կարողանում հավաքել 5 հոգի եւ մեկ փողոցային կատու. Խաչատրյան
Ոչ մի գործ անհույս չի, ոչ մի արած գործ անհետեւանք չի մնա. Նույնիսկ եթե ասում ես՝ պատին ինչքան պետք է խփես, որ քանդվի, ամեն հարվածից այդ պատին մի ճեղք է առաջանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին:
«Հիմա ասում են՝ կրկին փորձիր: Այո, պետք է կրկին փորձես, մինչեւ հասնես հաջողության: Ուղղակի ամեն հաջորդ փորձը պետք է հաշվի առնի նախորդների արձանագրած ոչ բավարար արդյունքները:
Հիմա նույնիսկ եթե մենք մանդատները դնենք, մեկ է՝ մինչեւ ընտրություններ նոր խորհրդարանական ընդդիմություն չի ձեւավորվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տեսակետին, որ մարդիկ տեսնելով իրենց մտածում են, որ նախկիններն են ու չեն աջակցում, Արթուր Խաչատրյանն ասաց. «Կյանքը ցույց է տալիս, որ նման բան չկա: Նրանք, ովքեր ասում են՝ թողեք, գնացեք, մենք նոր ենք, մենք հեսա կգանք, էդ մարդիկ չեն կարողանում հավաքել 5 հոգի եւ մեկ փողոցային կատու»:
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ չեն կարողանում իշխանությանը փոխել, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Փորձում ենք, պատճառները բազմազան են, ոչ այնքան աջակցություն ունենք: Այս իշխանություններն ունեն շատ մեծ քարոզչական լծակ, նույնիսկ բանականությունից դուրս մեղադրանքներ և հեքիաթներ հորինում են, եւ պատահական չէ, որ ընդդիմադիր հեռուստաալիքները եթերից զրկվել են: Ոստիկանական համակարգ, ճնշումներ, նույնիսկ դասախոսների են համալսարանից հանում: Դա է խնդիրը»: