շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Անձին առեւանգելու, ծեծելու, խոշտանգելու համար մարդիկ կրելու են պատասխանատվություն՝  անկախ այն հանգամանքից, թե որտեղ են աշխատում․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Կապանում տեղի ունեցած միջադեպի մասին

Անձին առեւանգելու, ծեծելու, խոշտանգելու համար մարդիկ կրելու են պատասխանատվություն՝  անկախ այն հանգամանքից, թե որտեղ են աշխատում․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Կապանում տեղի ունեցած միջադեպի մասին

Նախաքննական մարմինն է որոշում, թե որտեղ պետք է գործը կատարվի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Կապանում տեղի ունեցած երեկվա միջադեպին։

«Մեր հանրությունը պետք է տեսնի, որ այդ քրեական գործն ավարտին է հասցնելու եւ անձին առեւանգելու, ծեծելու, խոշտանգելու համար մարդիկ  կրելու են պատասխանատվություն՝  անկախ այն հանգամանքից, թե որտեղ են աշխատում, համայնքի ղեկավար են, թե ղեկավար չեն եւ ինչ սոցիալական ստատուս կամ նյութական կարողություններ ունեն: Այդ բոլորը պետք է բացառվի: Գործը քննվում է, փաստաբաններ կան ներգրավված, իրավական գործընթացի մեջ է, բոլորը կարող են արտահայտել իրենց կարծիքները»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեում քննվում է գործ, կատավրում են քննչական գործողություններ, դրանց մաս են կազմել ձերբակալությունները եւ ձերբակալություններից հետո Կապանում հավաքվել են այդ ձերբակալվածների հարազատները կամ ընկերները եւ փորձում էին հայտնել իրենց կամքը, որ գործը պետք է քննվի Կապանում, Սյունիքում կամ չգիտեմ որտեղ: 

«Ոստիկանությունը գործել է բավականին լավ, այդ գործողությունները գնահատում եմ իրավաչափ, որեւէ արտառոց տեղի չի ունեցել: Այսուհետ էլ այդպես է լինելու, ոստիկանությունը գործելու է հստակ իր լիազորությունների սահմաններում եւ եւ օրենքով սահմանված կարգով: Ինչպիսի դժգոհություններ էլ, ինչպիսի խմբավորումներ, ինչպիսի շահեր ունենա, դա որեւէ  կերպ չի կարող ազդել քրեական գործի քննության վրա: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ամեն ձերբակալվածի հարաազատները պետք է գան, հավաքվեն եւ որոշեն, թե որ գործը որտեղ եւ ոնց պետք է քննվի: Սա ուղղակի աբսուրդի ժանրից է»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ձերբակալվածների նկատմամբ բռնություն կիրառելուն, պատգամավորն ասաց.

«Ոստիկանությունը բժշկական կազմակերպություն չէ, ոչ թե բարեգործական հիմնարկ, ոչ էլ պետք է մեկին համոզի, նոր ձերբակալի: Ձերբակալության ժամանակ կիրառվում է համաչափ ուժ, որի ժամանակ հնարավոր են որոշակի քերծվածքներ: Դա նորմալ է: Ձերբակալության  ընթացքում որոշակի սահմանափակումներ, համաչափ ուժ է կիրառվում: Դուք ամեն օր կարող եք ականատես լինել միջազգային իրադարձություններից, թե ինչպես են ձերբակալում: Ասեմ, որ ամենանուրբ ձերբակալությունները ՀՀ ոստիկանությունում է եւ նորմալ է, որ անձը քերծվածքներ կարող է ստանալ: Կարող է անձը դիմադրություն ցուցաբերել, կարող է ոստիկանի գործողություններին: Ոստիկանությունը կարող է եւ պարտավոր է կիրառել համաչափ ուժ»։

  • Կիսվել: