երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ոստիկանության ստորաբաժանումների դրսևորած աննախադեպ լկտի պահվածքը վկայում է պետական մակարդակով ահաբեկչության մասին. ՀՅԴ

Ոստիկանության ստորաբաժանումների դրսևորած աննախադեպ լկտի պահվածքը վկայում է պետական մակարդակով ահաբեկչության մասին. ՀՅԴ

Վերջին օրերին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների դրսևորած աննախադեպ լկտի պահվածքը, ապօրինություններն ու բռնությունները ուղղակիորեն վկայում են պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության մասին։ Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությայն մեջ:

՛՛Աներկբա է, որ Հայաստանում ոտնահարված են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։

Նախօրեին ՀՅԴ Հայստանի Գերագույն մարմնի գրասենյակի և մի խումբ դաշնակցականների, ներառյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա կատարված հարձակումից, սադրիչ ու խուլիգանական գործողություններից հետո երեկ ականատեսը եղանք ոստիկանական անօրինակ և խայտառակ վարքագծի նոր դրսևորման։

Հանրապետության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների Սարդարապատի հուշահամալիր այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և իր վարչակարգի անվտանգության ծառայողների ու ոստիկանության հարուցած արգելքներն ու նողկալի պահվածքով ուղեկցված միջադեպը մեծագույն վիրավորանք են ոչ միայն Վեհափառի և եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։

Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող հակազդեցության չարժանանալ և անհետևանք մնալ։ Խիստ կարևոր է հանրային հստակ և հրապարակային վերաբերմունքը այս անպատկառ վարքագծի նկատմամբ։ Խայտառակ այս բեմականացման բոլոր դերակատարները պետք է գիտակցեն, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չի մնալու և բոլոր մեղավորները, ըստ օրենքի, ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Կոչ ենք անում համայն հայությանը շարունակելու պայքարը՝ հայրենիք, պատիվ ու սրբություն չունեցող աղետաբեր վարչախմբի դեմ։

Ազատ, անկախ, հզոր ու ժողովրդավար պետություն ունենալու մեր հավաքական ձգտումը անկասելի է։

ՀՅԴ Բյուրո 29-ը մայիսի, 2024 թ.՛՛:

  • Կիսվել: