հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոստիկանության պարեկային ծառայությունը տարեվերջին կգործարկվի ևս մի քանի մարզում

Ոստիկանության պարեկային ծառայությունը տարեվերջին կգործարկվի ևս մի քանի մարզում

Ոստիկանության պարեկային ծառայությունը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կգործարկվի Շիրակի և Լոռու մարզերում, տարվա վերջին նախատեսվում է այն գործարկել ևս մի քանի մարզում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով պարեկային ծառայության ուսումնական գործընթացի և պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի ոստիկանության բարեփոխումների ազգային համակարգող Ամալյա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝Հայաստանում պարեկային ծառայության ներդրումը կատարվում է փուլային տարբերակով: «Առաջին փուլում մենք պարեկային ծառայությունը ներդրեցինք Երևանում, շուտով այն կգործարկվի Շիրակում և Լոռիում, ապա՝  տարվա վերջին Կոտայքում, Արագածոտնում, Տավուշում և Սյունիքում, հաջորդաբար նաև Արարատում և Արմավիրում»,-ասաց նա:

Հովսեփյանը նշեց, որ Հայաստանում պարեկային ծառայության ներդրումը սկսելուց հաշվի է առնվել միջազգային փորձը:

«Մեր միջազգային դոնոր կազմակերպությունների, ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի պարեկային ծառայության գունդը և պարեկային ծառայության կենտրոնական ապարատն անցել է ավելի քան 10 վերապատրաստում»,-նշեց նա:

Հովսեփյանը նշեց, որ Հայաստանի պարեկային ծառայության համար մշակվել է նոր մոդուլային ծրագիր, որը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից : Ծրագիրն իր մեջ ներառում է որոշակի տեսական մոդուլներ և գործնական պարապմունքներ: «Պարեկները գործնական մոդուլի ընթացքում անցնում են պաշտպանական մարտավարություն, որը համապատասխան հմտությունների շրջանակ է ձևավորում պարեկային  ծառայողի մոտ տարբեր իրավիճակներում ուժի կիրառում իրականացնելու համար»,-հավելեց նա:

  • Կիսվել: