հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանության կառուցվածքի էական  և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու, նույնը վերաբերում է նաև ՓԾ-ին․ Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության կառուցվածքի էական և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու, նույնը վերաբերում է նաև ՓԾ-ին․ Նիկոլ Փաշինյան

«Շատ կարևոր նախագիծ ենք քննարկում, ուզում եմ արձանագրել, որ խոսքը միայն նախարարությունների թվի փոփոխության  և օպտիմալացման մասին չէ, չնայած դա նույնպես մեր խնդիրների մեջ է մտնում։ Այս փոփոխության ամենախորքային  և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ունենալն է և սա է ամենակարևոր խնդիրը, որ հետապնդում ենք և, ընդհանուր առմամբ, Ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին է խոսքը»,- կառավարության այսօրվա նիստում  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին և ՀՀ-ում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու անհրաժեշտությանն անդրադառնալիս նման դիտարկում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այս հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել։ Ոստիկանության կառուցվածքի էական  և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու, նույնը վերաբերում է նաև ՓԾ-ին։  Շատ կարևոր է  արձանագրել, որ Ոստիկանության  և ՓԾ-ի գործառույթները վերապահում ենք  Ոստիկանությանը և ՓԾ-ին, իսկ այն գործառույթները, որոնք ունեն քաղաքացիական նշանակություն՝ արդեն  նախարարությանը և նրա կառույցներին»,- նշեց վարչապետը և հավելեց․ «Օրինակ՝ մենք  ՏԿԵ-ից դուրս կբերենք Միգրացիայի ծառայությունը և կստեղծենք Միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն  և  նաև անձնագրային գործառույթներով կզբաղվի այդ ծառայությունը, որը կլինի  ՆԳՆ կազմում»։ 

Վարչապետն ընդգծեց՝ փոփոխությունները ծառայություններին նոր որակ հաղորդելու միտում ունեն․ «Եթե տնտեսական ազատության ինդեքսում  կարող ենք 165 երկրներից լինել 11-րդը, ինչու՞ նույնը չենք կարող անել Ոստիկանության առումով, ՓԾ որակի առումով, մեր հատուկ ծառայությունների որակի առումով»։

Փաշինյանը ընդգծեց նաև,որ արդեն իսկ բարեփոխված Ոստիկանության կազմում՝ պարեկային ծառայությունն աշխատանքի որակի մշտական բարձրացման խնդիր ունի․ «Այսօր տեսնում ենք խնդիրներ նաև այդ աշխատանքում, խնդիր պետք է դնենք , որ պարեկային ոստիկանության աշխատանքի որակն ամեն տարի պիտի փոխվի, մարդիկ պիտի դա տեսնեն։ Որովհետև եթե առաջընթաց չկա,  դեգրադացիա է  տեղի ունենալու», - նշեց վարչապետը և ընդգծեց, պետք է այս  հարցում բարձր նշաձող սահմանել՝ հետևելով միջազգային լավագույն փորձին։

  • Կիսվել: