երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Որոշումը մեր հասարակության կողմից բավական սպասված է. Խաչատուրյանը՝ ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին

Որոշումը մեր հասարակության կողմից բավական սպասված է. Խաչատուրյանը՝ ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Առանձնակի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ ԵՄ-ին, և՛ Ձեզ՝ հուլիսի 22-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված երկու կարևոր որոշումների՝ «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրելու և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի համար:

Այս երկու որոշումները շատ ենք կարևորում: Հատկապես վերջինը մեր հասարակության կողմից բավական սպասված որոշում է: Իհարկե, շատ անելիքներ ունենք, սակայն կարևորը՝ մեկնարկը տրված է: Շնորհակալություն վստահության համար»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահ Խաչատուրյանը:

Մարգարիտիս Սխինասը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ մեծապես կարևորում են մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ազդարարումը, և այդ ուղղությամբ անհրաժեշտ են շարունակական ջանքեր գործադրել հետագա քայլեր իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ ջանքերի շարունակական ներդրման ուղղությունների վերաբերյալ հարցեր:

Կողմերը երկուստեք կարևորել են առկա փոխգործակցությունը զարգացնելուն միտված քայլերի շարունակական բնույթն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ հայաստանյան կողմի նախաձեռնած բարեփոխումների իրականացման հետևողական խթանումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահն ընգծել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը հարևանների հետ հարաբերությունները ինքնիշխանության, փոխվստահության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում:

 

  • Կիսվել: