շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որեւէ  մրցակցություն չկա, որեւէ խնդիր չունենք, ունենք շատ լուրջ խնդիր, որ կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք կողքից դիտորդի դերում լինել․ Բաբայան

Որեւէ մրցակցություն չկա, որեւէ խնդիր չունենք, ունենք շատ լուրջ խնդիր, որ կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք կողքից դիտորդի դերում լինել․ Բաբայան

Ես ցանկանում եմ խոսել անմիջական ուղիղ, բոլոր այն խնդիրների մասին, որոնք կան, որ բոլորիս մտահոգում է, եւ մենք պարտավոր ենք մեր երկիրը ազատ, անկախ տեսնել, ինչպես հռչակել ենք: Այս մասին այսօր Ստեփանակերտում հանրային հավաքում հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում, մտածում են հավաքներ ենք անում, մրցակցություն է իշխանության համար: Որեւէ  մրցակցություն չկա, որեւէ խնդիր չունենք, ունենք շատ լուրջ խնդիր, որ կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք կողքից դիտորդի դերում լինեն:

Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 600 քառակուսի կմ տարած ունի, որի մեջ ընդգրկված է Ղարաբաղը, եւ Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը: Դա իր իրավունքն է: Ես երկու տարի խոսում եմ, թե ինչ խնդիրներ ունենք, եւ ոնց պետք է լուծենք: Բոլորը ասում են՝ էս մեկը Նիկոլի մարդն է, էն մեկը եկել է չգիտեմ ում փրկի: Իշխանությունն ընդհանրապես որեւէ արձագանք չունի այդ խնդիրներին: Հիմա փորձում ենք բոլորս փրկիչ ձեւանալ: Կամ էլ ձեւակերպել են հետեւյալ կերպ՝ պայքարել մինչեւ վերջ: Ինչի համար, ինչ նպատակ ենք հետապնդում, այդ պայքարն ուր է տանում մեզ, ոչ ոք չի ասում:

Ինչի՞ համար ենք պայքարում. Մեզ որեւէ պայքար պետք չի, մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք, ստեղածագործենք եւ լինենք պաշտպանված: Սա է մեր ապագան»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը ձեւակերպեց 5 կետերը, որոնք անհապաղ պետք է կատարվեն. «Առաջինը մեր պաշտպանությունն է, քանի որ առանց պաշտպանության ոչինչ չենք կարող անել: Պաշտպանությունը պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակով, ոչ թե խմբերով, ջոկատներով: Երկրորդը մեր դեմոգրաֆիան վերականգնելն է, որ տնտեսությունը զարգացնենք, ծնելիությանը զարկ տանք:

Երրորդը թոշակառուների խնդիրը լուծելն է, որ սոցիալական այս վիճակից դուրս բերենք, երկիրը պետք է լինի զարգացող, տնտեսությունը գործի, հակառակ դեպքում այստեղ չենք կարողանալու ապրել: Եթե մենք չենք կարողանում այդ հարցերը լուծել, մենք կորցնելու ենք Արցախը:

Այն խնդիրները, որ ես ձեւակերպել եմ 5 կետից բաղկացած, 100 օրում պետք է կատարենք, եթե մեզ տան այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք բոլորի նման սուտասան ենք: Ես վստահ եմ, որ կատարելու ենք»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Նա անդրադարձավ տեսակետին, որ շատերն առաջարկում են ուժային կռույցների վերահսկողությունը չտալ Սամվել Բաբայանին. «Բայց եթե ուժայինը չկա, մեր պաշտպանությունը չկա, մեր ներքին խնդիրները չենք կարողանում կարգավորել, հարց է ծագում՝ ես գալիս եմ պաշտոն ստանալո՞ւ: Ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ես գալիս եմ անկեղծ ձեզ ծառայելու: Հնարավորությունը կստեղծվի, կծառայենք ձեզ, երկիրը կտանենք ճիշտ ճանապարհով, ապագա կունենանք Արցախում»:

Սավվել Բաբայանը կոչ արեց չընկրկել, մինչեւ վերջ կանգնել. «Ինչքան էլ անձրեւ լինի, դժվար լինի, երկար ենք կանգնելու եւ պարտադրելու ենք, որ բոլոր խնդիրները լուծվի: Խնդրում եմ, որ համբերատար լինեք, կարողանանք այս խնդիրները լուծել:

Այն արցախցիները, որոնք իրենց տներում, խոհանոցներում են խոսել այս 3-4 տարին, դուրս գան, կանգնեն մեզ հետ եւ միասին պահանջեն այդ խնդիրների լուծումը»,-ասաց նա:

  • Կիսվել: