երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Որևէ մեկն իր գրպանը չդրեց այդ կամազները․ Հոկտանյանը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում քաղաքապետարանում

Որևէ մեկն իր գրպանը չդրեց այդ կամազները․ Հոկտանյանը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում քաղաքապետարանում

Որևէ մեկն իր գրպանը չդրեց այդ կամազները, որևէ մեկի կալվածքում չհայտնվեցին, արվում է քաղաքի համար, եթե արվում է հանրային շահի համար,  պաշտոնատար անձին իրավունք չունենք  մեղադրել  կոռուպցիայի մեջ։ Այս մասին այսօր լրագրողներին, պատասխանելով Երևանի քաղաքապետարանին բեռնատարներ նվիրաբերելու  ու արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք, ինչպես ընդդիմադիրներն են բարձրաձայնում հարցին, ասել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ դա ինքնին կոռուպցիա չէ, բայց կոռուպցիոն լրջագույն ռիսկեր կան, հենց քաղաքական կոռուպցիայի:

«Կան լուրջ խնդիրներ: Առաջին՝ անձնական օգուտի հետ կապված արդյո՞ք այդպիսի բաներ արվում են, թե ոչ: Եթե արվել է նվիրատության հանուն հանրային շահի, կա ռիսկ, որ արվում է  նվիրատվություն գրպանին: Փաստեր չկա, ես, համենայնդեպս, չունեմ, վտանգ կա: Երկրորդ՝  քաղաքական կառուպցիա,  երբ  վերադառնում ես հին ու բարի ժամանակների՝  բիզնեսի ու քաղաքականության սերտաճմանը: Այսինքն, բնականաբար, չպետք է միամիտ լինել ու հասկանալ, որ բիզնեսները չեն արել քաղաքապետի, քաղաքապատարանի աշխատակիցների սիրուն աչքերի համար, արել են ինչ որ ակնկալիքներով: Իսկ եթե ինչ որ ակնալինքներ ունեն քաղաքապետարանից, ուրեմն կլինեն նաև հակառակ  ուղղությամբ ակնկալիքներ՝ ընտրությունների ժամանակ և այլն»,- ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:

Հարցին՝ արդյո՞ք պաշտոնյաների ձերբակալելով հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ, Հոկտանյանն ասաց.

«Միայն ձերբակալելով՝ ոչ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է, եթե իսկապես ակտիվ գործունեություն  ծավալի, կանխարգելման ֆունկցիաներ իրականացնի»:

Հոկտանյանը կարևորեց նաև տնտեսական մոդելի  ճիշտ ընտրությունը․

«Եթե ունենում ենք այնպիսի մոդել, որը հիմնված է իսկապես ազատ շուկայի, մրցակցության վրա ու արդար ընտրություններով, կայացած բազմակուսակցական համակարգով պետություն ունենք,  նման պարագայում կունենանք առաջընթաց: Եթե դրան ավելանում են կոնկրետ քայլեր, ռազմավարություններ, կառույցներ, ավելի կուժեղացվի այդ էֆեկտը: Եթե չկա քաղաքական կամք, տնտեսական համապատասխան մոդել, չկա նորմալ ընտրություններ, կարող եք ստեղծել մեծ թվով նման մարմիններ ու արդյունք չգրանցեք»։

Ըստ նրա՝ կա մի խնդիր, որի մասին անընդհատ նշում է, բայց դեռ լուծված չէ.

«Մոնիտորինգի գնահատման համակարգի փաստացի բացակայությունն է: Այդ ամենը, որ արվում է, պետք է հստակ մոնիտորինգի ենթարկվի ու հստակ գնահատվի»:

  • Կիսվել: