ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որևէ իրավական ակտով բարեգործական որակվող ծրագրերում շահառուների քանակ նշելու պահանջ սահմանված չէ. փոխվարչապետի խոսնակ

Որևէ իրավական ակտով բարեգործական որակվող ծրագրերում շահառուների քանակ նշելու պահանջ սահմանված չէ. փոխվարչապետի խոսնակ

Որևէ իրավական ակտով բարեգործական որակվող ծրագրերում շահառուների քանակ նշելու որևէ պահանջ սահմանված չէ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:

«Հերթական չճշտված լուրն է տարածվել՝ «Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին» խորագրով, որում լրագրողը «մեղադրել է» ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը բարեգործական որակելու որոշում կայացնելու հարցում։ Մասնավորապես նշել է, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը «… չի ասում, թե քանի հոգի է ծրագրով անցնելու», վերջում էլ եզրակացնում է, որ «նման օրինախախտումներից կոռուպցիայի հոտ է փչում»։

Տեղեկացնեմ, որ որևէ իրավական ակտով բարեգործական որակվող ծրագրերում շահառուների քանակ նշելու որևէ պահանջ սահմանված չէ, հետևապես պնդումը, որ փոխվարչապետը թերի հայտ է հաստատել և մնացյալ եզրակացությունները, սխալ են։

Հավելեմ, որ Ծրագրի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, Շիրակի մարզում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը նպաստելն է՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով։

Լրագրողին հորդորում եմ հավատարիմ մնալ քաղաքացիներին հավաստի տեղեկություն տրամադրելու մասնագիտական առաքելությանը և նման հարցեր առաջանալու դեպքում, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա, դիմել պետական մարմնին ու ստանալ հուզող հարցերի պատասխանները։

Առողջություն մեր տղաներին»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: