ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որեւէ հակամարտություն լուծում չի ստացել՝ դրանում ներգրավված ժողովրդին մեկուսացնելով. Հայ Դատի Հանձնախմբի բաց նամակը

Որեւէ հակամարտություն լուծում չի ստացել՝ դրանում ներգրավված ժողովրդին մեկուսացնելով. Հայ Դատի Հանձնախմբի բաց նամակը

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը բաց նամակով դիմել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելին՝ Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությանը վերաբերյալ

Բաց նամակում ասվում է.

«Նորին գերազանցություն Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորել

Հարգելի Բարձր ներկայացուցիչ պարոն Բորել, ¬

Որպես Եվրոպական միության տասնչորս անդամ երկրներում հանձնախմբերի գործունեությունը համակարգող հասարակական կազմակերպություն եւ առաջին հերթին որպես Եվրոպական միության քաղաքացիներ մեր խորին հիասթափությունն ու դժգոհությունն ենք հայտնում Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի՝ Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարտի 31-ի հայտարարության առնչությամբ: Վերոհիշյալ հայտարարությունը, ցավոք, չի սատարում հասարակությունների՝ ժողովրդավարական ճանապարհով ինքնակազմակերպվելու գաղափարը:

Մենք վստահ ենք, որ Եվրոպական միությունը արժեքների վրա հիմնված միություն է, եւ որ այն մեծապես արժեւորում է մարդու համընդհանուր իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանությունը՝ ինչպես Եվրամիության սահմաններում, այնպես էլ դրանցից դուրս: Իրականում, ԵՄ յուրաքանչյուր ընտրված իշխանություն պարտավոր է պաշտպանել այս արժեքները:

Մարտի 31-ին Արցախի ժողովուրդն օգտագործեց ընտրելու իր իրավունքը՝ վերահաստատելով թափանցիկության եւ ժողովրդավարության սկզբունքների հիման վրա երկիրը կառուցելու իր հանձնառումը: Արցախի ժողովուրդն այս ճանապարհն ընտրել է գիտակցաբար եւ պատրաստակամորեն՝ ավելի քան քսանհինգ տարի առաջ եւ դրան հավատարիմ մնացել Սովետական միության փլուզումից ի վեր՝ արտաքին աշխարհից որեւէ օգնություն չստանալով եւ գտնվելով դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակում:

Այս հուսախաբ անող հայտարարությամբ Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը ցավոք ազդակ է ուղարկում, որ երկրի քաղաքական կարգավիճակը նախապայման է մարդու համընդհանուր իրավունքներից օգտվելու համար: Իրականում միջազգային իրավունքը բացառում է անհատների կամ խմբերի մարդու իրավունքների որեւէ սահմանափակում կեցության երկրի կարգավիճակի հիման վրա եւ չճանաչված երկրների առնչությամբ որեւէ խտրական դրույթ չի սահմանում:

Դեռեւս որեւէ հակամարտություն տեւական լուծում չի ստացել՝ դրանում անմիջականորեն ներգրավված ժողովրդին մեկուսացնելով կամ առանց նրանց հետ խոսելու ինչպես նաեւ առանց նրանց լսելու։ Ուստի որպես ԵՄ քաղաքացիներ կոչ ենք անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը եւ անկեղծորեն հույս ենք հայտնում, որ այս կոչին ականջալուր կլինեք:

 

 

  • Կիսվել: