ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օրենսդիրը վավերացրեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը

Օրենսդիրը վավերացրեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ «Եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Այն ընդունվեց կողմ ձայնով:

 
 

Համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ում ներկայացրել էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ մասնավորապես նշելով, որ համաձայնագիրը շատ սպասված ու պահանջված է մասնագիտական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների համար՝ հատկապես աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ոլորտներում:  ՀՀ ռեզիդենտ համարվող այս ոլորտի խորհրդատվական կազմակերպությունները բավականին լուրջ ծավալների են հասցնում իրենց շրջանառությունները նաև Ղրղզստանում: Եթե չկա, օրինակ, մշտական հաստատության չափորոշիչ համարվող շրջանակը, ստացվում է, որ երբ մեր ռեզիդենտները Ղրղզստանի աղբյուրներից ստանում են ձեռնարկատիրական եկամուտներ, այդ եկամուտները վճարման աղբյուրի մոտ հարկվում են, և այնուհետև դրանք կարող են նվազեցվել Հայաստանում վճարվող համախառն հարկերից:

Եվ արդյունքում ստացվում է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ մաս վճարվում է կոնտրագենտ երկրում: Եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա սահմանված է ժամանակահատված, ու եթե այդ ժամանակահատվածը չի գերազանցվում, ապա համարվում է, որ մշտական հաստատություն չի ձևավորվել, և, հետևաբար, այդ եկամուտները ռեզիդենտության տեղեկանքի ներկայացման պարագայում այլևս հարկման ենթակա չեն  լինի Ղրղզստանում: Դրանք ամբողջությամբ հարկման ենթակա կլինեն Հայաստանում:

Համաձայնագիրը ստորագրվել է  2019-ի օգոստոսի 9-ին Ղրղզստանում:

  • Կիսվել: