ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օրենքը որ ընդունվի, պետք է ստուգեն. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանի գույքի մասին

Օրենքը որ ընդունվի, պետք է ստուգեն. Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանի գույքի մասին

«Իշխող ուժը՝ նույն Սասուն Միքայելյանի հետ մեկտեղ, մեզ ասում է՝ նախկինների համատեքստի մեջ եք: Այն դեպքում, որ նրանցից շատերը նախկինների հետ այնքան ճանապարհ ունեն անցած, որ իմ կյանքը չի հերիքի, որ ես այդքան ճանապարհ անցնեմ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ Սասուն Միքայելյանը թող հիմնավորի, թե 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչ է արել։

Նրա խոսքով, իր ասածը հետևյալն է, որ այդքան շահարկում են՝ նախկիններ, որևէ ապացուցողական բան չկա:

Դիտարկմանը՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր՝ Սասուն Միքայելյանը թող հիմնավորի, թե 2003 թվականին Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչ է արել, Մարուքյանը պատասխանեց. «Իրենք իրար հետ ճանապարհ են անցել, թող իրենք բացատրություն տան: Հրազդան քաղաքում գործող քաղաքապետ է եղել, չէ՞: Այդ ընտրությունները ո՞նց են անցել, ընդդիմությունը ճանաչել է որպես կեղծված, չէ՞: Դե՝ թող ասեն»:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ուղիղ եթերով անդրադառնալով ծեծկռտուքին՝ նա կրկին փորձել է սադրել, ԼՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ինձ ասվել է՝ գլուխդ կցխեմ, ինձ ասվել է՝ վիզդ կկտրեմ, և դրանք ռեալ սպառնալիքներ են ու մեծ թափ են հավաքել: Դրանց ի պատասխան՝ ես ասում եմ, որ դա խորհրդարանական լեքսիկոն չէ»։

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի կողմից հնչող հայտարարություններին՝ Սասուն Միքայելյանի ունեցած գույքի վերաբերյալ, Էդմոն Մարուքյանը կրկին որևէ հստակ պատասխան չտվեց, միայն ասաց՝  օրենքը որ ընդունվի, պետք է ստուգեն:

«Ապօրինի գույքի պատմությունը, որ ուզում են մեր գրպանը գցեն, ապա իրենք իրենց շարքերում թող նայեն»,- հավելեց նա։

  • Կիսվել: