Շատ բարձր ենք գնահատում ամսագրի գործունեությունը. վարչապետը՝ «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագրին
Նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին դիմելով ասել է, որ իրենք շատ մտահոգված են այս տարվա հոկտեմբերին խմբագրությունից անհայտ անձանց մասնակցությամբ կատարված միջադեպի կապակցությամբ։
«Իմացեք, որ բոլոր հնարավոր միջոցներով, նաեւ բարոյապես ձեր կողքին ենք, շատ բարձր ենք գնահատում ամսագրի գործունեությունը»,-ասաց վարչապետը:
Նա հույս հայտնեց, որ դա կբացահայտվի եւ հեղինակները պատասխանատվության կենթարկվեն:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն եւ տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ։