հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Օգտագործե՛ք բանտարկյալների փոխանակման պահը, Ադրբեջանի բանտերից ազատե՛ք մեր գերիներին․ Մարուքյան

Օգտագործե՛ք բանտարկյալների փոխանակման պահը, Ադրբեջանի բանտերից ազատե՛ք մեր գերիներին․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է այսօր Ռուսաստանի և Արևմուտքի միջև տեղի ունեցած գերիների փոխանակմանը։
«Այսօր, արևմտյան մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ջանքերով ՌԴ նախագահի ներմանն արժանացան և փոխանակվեցին 16 քաղաքական կամ խղճի բանտարկյալներ, ովքեր ազատազրկված էին Ռուսաստանի Դաշնությունում։
Հատկանշական է, որ արևմուտքը, լինելով պատերազմի մեջ ՌԴ-ի հետ, օգտագործում է բանակցային բոլոր հնարավորությունները՝ ՌԴ բանտերում պահվող տարբեր երկրների քաղաքացիների ազատ արձակման համար։
Նույն արևմտյան երկրները ամեն օր հայտարարում են, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները բարձրացնում են Ադրբեջանում պահվող քաղաքական և խղճի բանտարկյալների՝ Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ամենօրյա աշխատանք են տանում այս ուղղությամբ։ 
Արդյո՞ք արևմտյան պետությունները, որոնք ցանկանում են, որ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, չեն փորձում խղճի, պատերազմի հայ բանտարկյալներին ազատ արձակել Ադրբեջանի բանտերից, որի հետ ունեն ռազմավարական համագործակցություն և ի տարբերություն ՌԴ-ի՝ արևմուտքն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն գտնվում միմյանց դեմ։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախկին նախագահները ճանաչվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, և այդպիսով նրանք ավելի բարձր կարգավիճակ ունեն ու ավելի մեծ շանսեր նման ճանապարհով ազատ արձակվելու։
Ուղղակի զբաղվող է պետք, աշխատել է պետք այդ ուղղությամբ, և այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հրաշալի օրինակ է։
Խորհուրդս ՀՀ իշխանություններին և մեր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ օգտագործե՛ք այս օրինակը, Ադրբեջանի բանտերից ազատ արձակե՛ք բոլոր մեր քաղաքացիներին և ԼՂ ժողովրդի կողմից ընտրված և նշանակված առաջնորդներին»։ 

  • Կիսվել: