ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ողջունում ենք Ադրբեջանի և ՀՀ-ի ջանքերը՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ. Նեչաև

Ողջունում ենք Ադրբեջանի և ՀՀ-ի ջանքերը՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ. Նեչաև

Փոփոխվող աշխարհում, որտեղ համաշխարհային տնտեսական ակտիվությունը տեղափոխվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, ռուսական ՛՛Մեծ Եվրասիայի՛՛ նախաձեռնությունը հատուկ իմաստ է ստանում: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Իվան Նեչաևը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է Մեծ եվրասիական գործընկերության ստեղծման գործում, աշխատում է ԵԱՏՄ-ի զարգացման և ՛՛Մեկ գոտի մեկ ճանապարհ՛՛ ծրագրի հետ զուգորդման ուղղությամբ՛՛:

Նեչաևի խոսքով՝ Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական նշանակության տրանսպորտային հանգույց է: Նա կարևորել է համատեղ լոգիստիկ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը:

՛՛Վերջինիս արագ գործարկման տեսանկյունից ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ջանքերը՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ: Նախորդ տարի հատուկ ձևաչափ ստեղծվեց՝ ՛՛3+3՛՛ տարածաշրջանային խորհրդատվական հարթակ, որի շրջանակներում ևս քննարկվում են այդ բոլոր հարցերը՛՛,- ասել է Նեչաևը և հավելել, որ Ռուսաստանը մշտապես առաջնահերթ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին:

՛՛Վերջին տարիներին հարավկովկասյան գործընկերների հետ համագործակցությունը միայն թափ է հավաքում: Մասնավորապես՝ 2022 թ. արձանագրվել է առևտրաշրջանառության էական աճ, ինչը դրական է անդրադառնում այդ երկրների տնտեսական ցուցանիշների վրա՛՛,-նշել է Նեչաևը:

  • Կիսվել: