հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում. պատճառներից մեկը շինհրապարակներում ստանդարտները չպահպանելն է. Փաշինյան

Օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում. պատճառներից մեկը շինհրապարակներում ստանդարտները չպահպանելն է. Փաշինյան

Ստանդարտներ են սահմանվում, թե շինհրապարակը ինչ վիճակում պետք է լինի, այնտեղ աշխատողներն ինչ հագուստ և անվտանգության միջոցներ պետք է կրեն: Այստեղ հարցերը բազմաշերտ են: Այս մասին այսօր կառավարության նիստում անդրադառնալով շինհրապարակներում ստանդարտ սահմանելու մասին հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ թվում մայրաքաղաք Երևանում նախորդ շրջանում մենք տեսանք, թե փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա: Շինարարության ծավալները շատ մեծ թափ են հավաքել, բայց մյուս կողմից անընդհատ մենք այդ ահազանգերը ստանում ենք և տեսնում ենք նաև օդի՝ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում:

Սրա պատճառներից մեկը այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ այս հարցում հետևողական պետք է լինեն:

«Մյուս կողմից, սկսած նրանից, թե բուն շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի և նաև այնտեղ աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան, և շինհրապարակն ինչպես պետք է տարանջատվի մնացած քաղաքացիների կյանքից. Սրանք բոլորը շատ կարևոր հարցեր են: Իրենք ունեն և՛ անվտանգային, և՛ բնապահպանական, և՛ էսթետիկ, և՛ սոցիալ-հոգեբանական նշանակություն»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկրում բոլոր մակարդակներում պետք է ստանդարտները սահմանվեն և հետևողական լինեն ստանդարտների իրականացման, ներդրման և պահպանման առումով.

«Այդ առումով շատ կարևորում եմ, որ մենք հետևողական լինենք, ոչ թե մեկ որոշում ընդունենք և ասենք՝ մենք մեր անելիքն արեցինք: Պետք է հետագայում նաև տեսնենք, թե այդ որոշումները ոնց են աշխատում, աշխատում են, թե չեն աշխատում: Եթե չեն աշխատում՝ պետք է գնանք նրանց հետևից և լավարկենք, շարունակենք աշխատանքն այդ ուղղություններով»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

  • Կիսվել: