հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոչխարաբուծությունը ՀՀ-ում ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 15 տոկոսը. Համաժողով՝ Երեւանում

Ոչխարաբուծությունը ՀՀ-ում ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 15 տոկոսը. Համաժողով՝ Երեւանում

Այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) կազմակերպել էր «Ոչխարաբուծության եվրոպական փորձը եւ դրա կիրառումը Հայաստանում» թեմայով համաժողով: Միջոցառումը կազմակերպվել էր «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, և համաֆինանսավորվում՝ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակը։

Համաժողովի հիմնական նպատակն էր ոլորտ նոր գիտելիք բերելը՝ հիմնվելով Եվրոպայում եւ աշխարհի այլ մասերում արված բացահայտումների եւ ընդունված առաջադեմ փորձի վրա: Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ոլորտում առկա խոչընդոտներին եւ բարելավման հնարավորություններին:

Համաժողովի մասնակիցներին, որոնց թվում էին հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, ոչխարաբուծության ոլորտի շահառուներ, ֆերմերներ և լրագրողներ, ողջունեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության / համագործակցության գծով պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը եւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը։

«Ոչխարաբուծությունը Հայաստանում անասնապահության կարևորագույն ճյուղերից է, որն ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 15 տոկոսը։ Այս համաժողովը հրաշալի հնարավորություն է ընձեռում վերհանել ոլորտում առկա խոշոր խոչընդոտները և առաջադրել նոր գաղափարներ ու լուծումներ, որոնք կնպաստեն Հայաստանում ոչխարաբուծության կայուն աճին», - նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունները նախատեսում են համագործակցություն շրջակա միջավայրի պահպանման, պաշտպանության, բարելավման և վերականգնման, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն եղանակով օգտագործման ուղղությամբ: Սննդի և պարենային անվտանգությունը կայանում է նրանում, որ բոլորը կարողանան օգտվել բավարար, մատչելի և սննդարար սնունդից: Այսօրվա միջոցառումը վերաբերում է ոչխարաբուծության արժեշղթային։ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրն ընդլայնում է տեղական ավելացված արժեքը, արդիականացնում է պաշտոնական վերահսկողությունը կարգավորող իրավական դաշտը, երաշխավորում է կենդանիների առողջությունը և ապահովում է ավելի անվտանգ սննդի շղթա: Իրականում կահույքի, ոչխարների, պիտակավորման ծառայությունների, սարքավորումների տրամադրումը (EU-GAIA ներդրումը՝ 43,685 եվրո) հնարավորություն է տալիս «Մաքի» ոչխարաբուծական գենետիկական կենտրոնին պահպանել ներկրված ոչխարների բարձր արդյունավետ ցեղատեսակների տոհմային որակները և կարող է առաջարկել անասնաբուժական, ախտորոշիչ և արհեստական բեղմնավորման ծառայություններ։ Այսպիսով, ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը ավելի լավ է հայտնաբերում և վերահսկում կենդանիների հիվանդությունները և ավելի համակարգված կերպով է անդրադառնում առողջության, սննդի և կերերի անվտանգության ռիսկերին», - նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին:

ԵՄ-ԿԳՆՀ ծրագիրը Հայաստանին օգնում է գտնել իր տեղն այս բացառիկ շուկայում։ Մսատու ցեղատեսակների շուրջ կենտրոնացած ոչխարաբուծությունն երկրի համար եւս մեկ հնարավորություն է ընդլայնելու արտահանման շուկաները, հասնելու պարենային ապահովության եւ ավելացնելու բարձր սննդարարություն ունեցող եւ առողջ մսի տեղական սպառումը: Գառների աճեցումը, որի առանցքում կլինեն կանաչ եւ կենսակայուն տեխնոլոգիաները, որոնք պահպանում են տեղական արոտավայրերը եւ շրջակա միջավայրը՝ բարձր մսատվություն ապահովող ցեղատեսակների բուծմամբ, առանցքային նշանակություն ունի այս ոլորտի հաջողության համար:

Մի շարք գործողություններ արդեն իսկ իրականացվել են ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի շրջանակում՝ աջակցելու ոչխարաբուծության արժեշղթայի ձեւավորմանը Հայաստանում: Մասնավորապես, Հայաստան են առաքվել ոչխարի ավելի քան 400 գլուխ բարձր մսատվություն ապահովող ցեղատեսակներ եւ բաժանվել ծրագրի շահառու ֆերմերների շրջանում: Շիրակի մարզում գործունեություն ծավալող բրդի վերամշակման եւ ոչխարի կաշվի արտադրությունները ստացել են օժանդակություն նոր սարքավորումների տեսքով՝ ուղղված արտադրական շղթայի բացերի վերացմանը։ Բացի այդ, ոչխարաբույծ ֆերմերների համար կազմակերպվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ, ներառյալ գործնական դաշտային ցուցադրություններ: Վերջերս Շիրակի մարզի Ազատան համայնքում հիմնադրվեց տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական կենտրոնը, որը կպահպանի ոչխարի ներմուծված բարձրարդյունավետ ցեղատեսակների տոհմային հատկությունները եւ կառաջարկի անասնաբուժական, ախտորոշիչ եւ արհեստական սերմնավորման ծառայություններ:

  • Կիսվել: