Ոչ պաշտոնական այցերի ժամանակ Ծիծեռնակաբերդ այցելություն արարողակարգային ուղեկցություն չի ենթադրում. ԱԳՆ խոսնակը՝ լեհական պատվիրակությանը հուշահամալիր չուղեկցելու մասին
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պատվիրակության` Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցի ընթացքում արարողակարգային ուղեկցում չի եղել:
«Չէի անդրադառնա հարցին, բայց տեսա, որ մամուլում մեկ-երկու հրապարակումներ կան: Ինչպես տեղեկացրել էինք, Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի պատվիրակությունը ժամանել էր Երևան քաղաքական խորհրդակցությունների համար:
Ակնհայտ է, որ այցը պաշտոնական չէ, իսկ նման դեպքերում այցի ծրագրում խորհրդակցություններից բացի այլ բաղադրիչ, այդ թվում՝ այցելություն Ծիծեռնակաբերդ, ներառվում է այցելող կողմի նախաձեռնությամբ և արարողակարգային ուղեկցում չի ենթադրվում: Իսկ մանիպուլյացիայի մակարդակի մեղմ նկարագրության համար հիշեցնեմ անցած տարվա նոյեմբերին Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լեհաստանի նախագահի՝ Ծիծեռնակաբերդ այցելությունը, ինչպես նաև Ձեր ուղարկած հրապարակման նույն օրերին ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ Ֆրանսիայի նախարարի այցելությունը Ծիծեռնակաբերդ, որը կարծես բավարար չափով լուսաբանվել է»,- ասաց Բադալյանը:
Նշենք, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պատվիրակության` Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցի ընթացքում ոչ մի հայ պաշտոնյա հյուրերին չի ուղեկցել, այդ թվում այդ օրը Երևանաում գտնվող Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Սամվել Մկրտչյանը։