չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ոչ ոք մեր անկախությանն այնքան վնաս չի տվել, ինչքան Փաշինյանը. Լևոն Զուրաբյան

Ոչ ոք մեր անկախությանն այնքան վնաս չի տվել, ինչքան Փաշինյանը. Լևոն Զուրաբյան

Հիմա Նիկոլ Փաշինյանի գլխավոր գործունեությունը լինելու է կատարվածի համար պատասխանատվության բաշխումը՝ թաքցնելու համար այն, որ այս ամենի արդյունքը բացահայտ ցինիզմով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր: Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Աշխարհը երբեք արդար չի եղել ու չի լինելու. պետք է պայքարել: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մեր շահերի համար պատասխանատու չեն, իրենք պատասխանատու են իրենց շահերի համար: Նույնը կարելի է ասել Թուրքիայի, Ադրբեջանի մասին»,-ասաց նա:

Նա տաօրինակ համարեց, որ գովեստի խոսքեր հնչեցին երեկ Ադրբեջանից Նիկոլի հասցեին. «Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո Զանգեզուրի միջանցքն է: Սա շատ ավելի դժվար է, քան Ղարաբաղի վերջնական նվաճումը: Էս հարցում Իրանը դեմ է լինելու վերաձևմանը: Դեմ են լինելու նաև այլ խաղացողներ՝ իրենց շահերից ելնելով: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվելու են իրենց այդ նպատակից: Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել»:

Զուրաբյանն անդրադարձավ նաեւ Արցախում տիրող իրավիճակին՝ նշելով. «Ադրբեջանը փակել է ճանապարհները, ասում է՝ չի լինելու էվակուացիա, լինելու է ինտեգրացիա: Հիմա հարց՝ եթե ես չեմ ուզում դառնալ սիստեմիկ հայատյացությամբ տառապող պետության քաղաքացի… Ուրեմն դու սեպարատիստ ես ու կգնաս բանտ:

Ես Ալիևից ոչ մի բարեհոգություն չեմ սպասում: Իր հոր մեջ հայատյացություն չկար, ինքը դա ունի: Իրենք ինտեգրացիան այլ կերպ են պատկերացնում. Մեծ մասին բանտերը կլցնեն, մնացածն էլ ճորտի կարգավիճակում կապրի»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Նրա խոսքով, Ադրբեջանը նաև այլ պատճառ ունի արցախցիներին դուրս գալ թույլ չտալու համար: Որովհետև եթե Արցախում հայ չի մնում, իրենք կորցնում են զանգեզուրցի ադրբեջանցիներին վերադարձնելու փաստարկը:

«Ոչ ոք մեր անկախությանն ու ինքնիշխանությանն այնքան վնաս չի տվել, ինչքան Փաշինյանը: Իրեն թվում էր՝ եթե գնում, Պուտինի մոտ պոզա ընդունելով՝ նրան մեղադրում է, դա է անկախությունը: Անկախությունը պոզա չէ ու երբեք չի եղել: Անկախությունը քո բանակի, տնտեսության հզորությունն է, դաշնակիցների ճիշտ ընտրությունը»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

  • Կիսվել: