ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոչ իրավական, ոչ փաստացի առումով Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որեւէ իրավունք չունի

Ոչ իրավական, ոչ փաստացի առումով Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որեւէ իրավունք չունի

Ոմն Ֆարհադ Միրզոեւ, որ ինքնաանվանվում է միջազգային իրավունքի գիտակ, ծավալուն հոդված է հեղինակել եւ փորձել հիմնավորել, որ Լեռնային Ղարաբաղը խորհրդային օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքի գործող նորմերով «չի կարող անջատվել Ադրբեջանից եւ հռչակել անկախություն»: Որպես «հիմնավորում» նա բերում է երեք կռվան.

ա. ԱՊՀ կազմավորման համաձայնագրում անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:

Այո, Ղազախստանի մայրաքաղաքում նման փաստաթուղթ իրոք ստորագրվել է, բայց խնդիրն այն է, որ տվյալ համաձայնագիրն Ադրբեջանի մասով չի կարող իրավական ուժ ունենալ, որովհետեւ այդ երկրի խորհրդարանը տվյալ համաձայնագիրը եւ առհասարակ ԱՊՀ անդամակցության հետ կապված իրավական փաստաթղթերի փաթեթը չի վավերացրել:

Ադրբեջանը հետխորհրդային տարածքի Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությանն անդամակցել է միայն 1993թ. սեպտեմբերի 24-ին՝ ԱՊՀ պետությունների նախագահների խորհրդի որոշմամբ: ԱՊՀ-ին անդամակցելիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ոչ մի իրավական արձանագրում չի արվել:

բ. Միրզոեւը համարում է, որ ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքը, ըստ որի ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում վերջինիս կազմում գտնվող ինքնավար կազմավորումներն իրավունք էին ստացել ինքնուրույն որոշել իրենց պետական կարգավիճակի հարցը, հակասում է ԽՍՀՄ սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի միութենական հանրապետության սահմանները չէին կարող փոխվել առանց նրա համաձայնության:

Սա իրավական անգրագիտություն է: ԽՍՀՄ սահմանադրությունն այդ իրավունքը տալիս էր միութենական հանրապետությանը, քանի դեռ վերջինս Միության կազմում էր: Միությունից դուրս գալու դեպքում ԽՍՀՄ օրենքը գերակա էր տեսնում ինքնորոշման իրավունքը: Այսինքն, եթե X միութենական հանրապետությունն իրացնում է Միության կազմից դուրս գալու իրավունքը, ապա ԽՍՀՄ սահմանադրությամբ նրա կազմում գտնվող Y ինքնավարությունն էլ իրավունք էր ստանում կամ միութենական սուբյեկտի կարգավիճակով մնալ ԽՍՀՄ կազմում, կամ միանալ միութենական այլ հանրապետության, կամ հռչակել պետական անկախություն:

գ. Ադրբեջանցի «իրավագետն» ասում է, որ երբ միջազգային հանրությունը ճանաչել է նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը, ապա առաջնորդվել է «տիրիր՝ որքան ունես» սկզբունքով:

Այսինքն՝ ճանաչել է փաստացի տիրապետության սահմաններում: Երբ Ադրբեջանը միջազգային ճանաչման է արժանացել եւ անդամակցել ՄԱԿ-ին, այլեւս չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղը: Ինչպես տեսնում ենք, ոչ իրավական, ոչ փաստացի առումով Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որեւէ իրավունք չունի:

  • Կիսվել: