ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նույնիսկ Ադրբեջանն է զարմացել, որ Հայաստանը ընդունել է պայմանագրի առաջարկները. Մամիջանյան

Նույնիսկ Ադրբեջանն է զարմացել, որ Հայաստանը ընդունել է պայմանագրի առաջարկները. Մամիջանյան

Ալեն Սիմոնյանը նոր այստեղ կանգնած Ադրբեջանի փաստաբանությունն էր անում, ասում է՝ դե բաներ կան, որ Ադրբեջանն էլ է համարում, որ Հայաստանը լավ չի անում, կարո՞ղ է մի հատ էլ այստեղ Ադրբեջանի քարոզ կարդան ՔՊ-ականները: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ես այդպիսի բան չեմ հիշում, որ ՀՀ Ազգային ժողովի  աթոռին նստած մարդը վեր կենա ու ասի, որ Հայաստանը որպես կանոն չէր ընդունում այս կամ այն բանակցային առաջարկները, Ադրբեջանը այդպես էլ համարում էր, դրա համար էլ խաղաղության պայմանագրի հետ կապված ունեն Ադրբեջանի այս արձագանքը:

Իրենք ուզում են համոզած լինեն, որ Ադրբեջանի համար զարմանալի էր, որ Հայաստանը ընդունել է այդ առաջարկները: Այսինքն նույնիսկ Ադրբեջանն  է հասկանում, որ Հայաստանի համար ինքնասպանություն են առաջարկում։ Այսինքն, այնքան վատն է, որ նույնիսկ, ըստ Ալեն Սիմոնյանի, Ադրբեջանը չէր հավատում, որ Հայաստանը ընդունելու է այդ կարգի կրկնակապիտուլյացիան։ Ալեն Սիմոնյանի այսօրվա ճպազրույցը ուղղակի ինքնախոստովանական էր»,-ասաց նա:

Անդրադառնալով պնդմանը, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը երկկողմանի են, Հայկ Մամիջանյանը դա մառազմի գագաթնակետ անվանեց և օրինակ բերեց. «Ես ծխող եմ, դուք ծխող չեք, եթե ես և դուք հիմա պայմանավորվեք, որ սկսած վաղվանից մեզանից որ մեկը առաջինը ծխի, մյուսին վճարում է 1000 դոլար, դա երկկողմանի պայմանագիր է, չէ՞: Բայց դա աբսուրդ է, այդտեղ ամենահավանականն այն է, որ ես կպարտվեմ: Այդ պայմանագրի բովանդակության մեջ վերջնարդյունքում դա Հայաստանի Հանրապետության զիջումն է:

Մի բան էլ, իրենց ԱԳՆ փոխնախարարը, նախարարը, Փաշինյանը, չեն կարողանում հասկանալ, հիմա այդ պայմանագրում իրենց իսկ բացահայտմամբ տեղ գտած երրորդ երկրների ուժերի սահմանի երկայնքով տեղակայման արգելքը տարածվո՞ւմ է Եվրոպական դիտորդական առաքելության վրա, թե՞ չի տարածվում։ Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը օտարերկրյա կամ երրորդ երկրի ուժ համարվո՞ւմ է, թե՞ չի համարվում։

Փաստորեն Ադրբեջանի պահանջով ՀՀ անվտանգությունը ավելացնող գործոնը վերացվելու է։ Տղերք, երկու տարի առաջ դրա հակառակն էիք ասում, ասում եք, որ դա փրկություն է: Հիմա այդպես հեշտ, ինչի՞ եք պատրաստ դրանից հրաժարվել»,- ասաց նա:

  • Կիսվել: