հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նուբար Աֆեյանն առաջարկում է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր մոդելի իր տարբերակը

Նուբար Աֆեյանն առաջարկում է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր մոդելի իր տարբերակը

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը առաջարկում է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր մոդել՝ Հայաստանում գործիչները պետք է աշխատեն ներկայի ուղղությամբ, իսկ սփյուռքը՝ ապագայի, այսինքն երկարաժամկետ ծրագրերի:

 Աֆեյանը նման տեսակետ հայտնեց Ապագա Հայկականի համաժողովի շրջանակում պանելային քննարկմանը:

Աֆեյանը նշեց՝ ինքը սփյուռքում է ծնվել, հիմա էլ ԱՄՆ-ում է ապրում: «Անցյալ 22 տարվա ընթացքում Հայաստանի զարգացման ծրագրերով զբաղվել եմ: Այդ ողջ ընթացքում միշտ կարծում էի, որ սփյուռք-Հայաստան հարաբերություններն ընդհանրապես լավ են ու լավանալու են:  Որոշ պատճառներով վերջին 1-2 տարվա ընթացքում մտահոգություններ են ծնվել»,-ասաց Աֆեյանը:
Ըստ նրա՝ պատերազմից հետո Հայաստան-սփյուռք համագործակցությունը նախկինի նման այդքան մեծ կարևորություն չի ստանում: Նա նշեց՝ տարիներ շարունակ ինքը մասնակցել է տարբեր սփյուռք-Հայաստան կոնֆերանսների, լսել է այն միտքը, որ Ադրբեջանն ունի նավթ, Հայաստանն ունի իր սփյուռքը՝ իր «նավթը»: «Կարող է սփյուռքը նավթ է, բայց, եթե չկարողանանք նավթը հողից հանել և օգտագործել, դա կմնա պարզապես երազանք: Պետք է կարողանանք խոսակցությամբ իրար գտնել, հասկանալ, հարգել, կարոտն արտահայտել, որ կարողանանք առաջ գնալ»,-ասաց նա։
 
Անդրադառնալով նրան, թե ինչ պետք է արվի այդ ուղղությամբ, ինչ մոդել կա, նա ասաց՝ ամենակարևոր 10 նպատակներից մեկը պետք է լինի այն, որ հազարավոր մասնագետներ, տասնյակ հազարավոր ուսանողներ գան այստեղ և իրենց տաղանդը ներդնեն Հայաստանի ապագայի կերտման հարցում:

«Սփյուռքահայությունն ընդհանրապես հուսահատվելու իրավունք չունի: Իբրև սփյուռքահայ կարող եմ ասել, որ մենք ապրում ենք շատ ավելի դյուրին, շատ ավելի լավ վիճակում, եթե մենք մեր ջանքն ենք ներդնելու Հայաստանի ապագային, նախ և առաջ պետք է ասենք, որ հուսահատվելու իրավունք չունենք: Բայց շատ ավելի պահանջկոտ լինելու իրավունք ունենք, որպեսզի մեր ներդրումները, մեր ժամանակը շատ ավելի ազդեցություն ունենան»,-ասաց Աֆեյանը:

Նա ներկայումս Հայաստանի առջև ծառացած շատ խնդիրներ է տեսնում:

«Ներկան պարտադրում է, որ գործիչներն անվերջ ներկայի վրա աշխատեն: Սփյուռքահայությունը կարող է ապագայի վրա աշխատել, քանի որ ներկայի վրա այդքան ազդեցություն չի կարող ունենալ: Կարող է փողով, ներդրումներով օգնել, բայց պետք է այստեղ լինս, որ ներկայի վրա աշխատես, բայց ապագայի վրա աշխատելու համար կարող ես լինել Լոս Անջելեսում կամ ուր ուզես, և կարող ես երազներդ արտահայտել և իրականություն դարձնել որոշ տարիների ընթացքում»,-ասաց Աֆեյանը:

Ըստ նրա՝ սփյուռքահայությանը երկարաժամկետ ծրագրերը պետք է ավելի հետաքրքիր լինեն: «Եթե գտնենք այն ձևը, որ Հայաստանն ու սփյուռքը կամուրջներ ստեղծեն, սփյուռքը՝ ապագայից,ներկան՝ Հայաստանի կողմից միացնենք, իմ կարծիքով դա կլինի նոր մոդել»,-եզրափակեց նա:

  • Կիսվել: