Նշանակում է ուղղակի մեղադրել ՌԴ-ին դավաճանության մեջ. Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՌԴ-ի իմացությամբ և թույլտվությամբ Ապրիլյան պատերազմի՝ տեղի ունենալու վերաբերյալ մտահոգությունների մասին նա քննարկում է ունեցել ՌԴ գործընկերների հետ:
«Երբ մարդիկ չստուգված վարկաբեկող, մտքեր ու տեսակետներ են հայտնում դաշնակիցների վերաբերյալ, դա ունենում է շատ խորը հետևանքներ՝ ոչ միայն այդ պահին։ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, և այդպիսի հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին դավաճանության մեջ, դա անթույլատրելի է, հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել, որպես դաշնակից»,- ընդգծեց նա:
Երրորդ նախագահի կարծիքով՝ այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսակետից տգիտություն են, և ինքը մեծ հաճույքով ցանկանում է լսել, թե ի՞նչ պատասխաններ և ի՞նչ քննարկումներ են եղել ՌԴ-ի գործընկերների հետ:
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ այն հանգամանքը, որ որևէ երկիր «Իսկանդեր» չունի, խոսում է Ռուսաստանի մեզ դաշնակից պետություն լինելու մասին:
«Բելառուսը, որի հետ Ռուսաստանն ունի ընդհանուր պետության գաղափար, պայմանագիր չունի այդ զինատեսակից, ունի միայն Հայաստանը: Եվ «Իսկանդեր»-ի առկայությունն է, որ 2016 թվականի ապրիլի լայնամասշտաբ, խոշորածավալ պատերազմ չեղավ, այլ եղան լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանցիներն այդ լայնածավալ ռազմական գործողություններն սկսեցին իրենց հատուկ ստորաբաժանումների ուժերով, նրանց հրետանին հասանելի էր, մեր մի քանի զինավանների մշտական տեղակայման վայրերին, ինչու չօգտագործեցին, ակնհայտ է չէ՞ ինչ էր լինելու, պատասխանը լինելու էր շատ ուղիղ՝ «Իսկանդեր»-ի հրթիռները հասնելու էին Բաքու կամ Գյանջա»,- ընդգծեց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն չօգտագործեցին ռազմական ինքնաթիռներ, որովհետև ինքնաթիռները, երբ փորձում էին մոտենալ սահմանին այդ ինքնաթիռները գտնվում էին «Ս-300»-ի թիրախում, որը մենք ՌԴ-ից ստացել ենք, որպես ռազմատեխնիկական օժանդակություն:


