ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Նրա խոսքերը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանըփոխանցել են ռուսական լրատվամիջոցները:

«Ցավոք սրտի, գործնականում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը չխախտի»,- ասել է Միրզոյանը։

Դիվանագետն ընդգծել է, որ Բաքուն սիստեմատիկորեն խախտել է հրադադարը, օկուպացրել է Հայաստանի տարածքները, ապօրինի փակել Լաչինի միջանցքը, պահել հայ ռազմագերիներին, կանխել տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը դաշնակիցներից ակնկալում է ակտիվ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պարտավորությունների կատարման համար, ինչպես նաև դադարեցնել ուժի կիրառումը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Երևանի դեմ Բաքվի «ռազմական ագրեսիային» արձագանքելու անհրաժեշտության մասին։

Մինչ այս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը աղետի չի վերածվել։ Նրա խոսքով, 2020 թվականին Ռուսաստանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: