ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նոր փոփոխություններ տնտեսվարողների համար. ՄՊՀ

Նոր փոփոխություններ տնտեսվարողների համար. ՄՊՀ

Էականորեն բարեփոխվել է ՄՊՀ-ի կողմից եզրակացություն տալու ինստիտուտը: Այս մասին տեղեկանում ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբան Մարիամ Խաչատրյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից եզրակացությունների ընդունման վարույթի առանձնահատկությունները։

Մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն առհասարակ չէր կարգավորում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունների ընդունման ընթացակարգի և դրանց իրավաբանական բնույթի հետ կապված հարցերը: Եվ դա այն դեպքում, երբ այս գործիքակազմը կարևոր տեղ է զբաղեցնում Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունների շրջանակում: Այդ պատճառով օրենքի փոփոխություններով առանձին գլխով (Գլուխ 14) նախատեսվել է Հանձնաժողովի կողմից տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունների ընդունման ընթացակարգը։

Որո՞նք են Հանձնաժողովի կողմից եզրակացությունների ընդունման հիմքերը

Հանձնաժողովի կողմից եզրակացության ընդունման հիմքերն են՝

Իրավասու սուբյեկտի դիմումը.

Հանձնաժողովի սեփական նախաձեռնությունը տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ եզրակացություն ընդունելու դեպքում։

Միաժամանակ, հարկ է նկատել, որ դիմում ներկայացնելու համար նախատեսված չէ տուրք կամ պարտադիր այլ վճար:

Ո՞վքեր կարող են դիմել Հանձնաժողով եզրակացություններ ստանալու նպատակով

պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք,

տնտեսավարող սուբյեկտները,

նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ այն ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք։

Որո՞նք են այն ակտերը, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կարող է տրամադրել եզրակացություններ

գործողության կատարումը,

գործարքի կնքումը,

իրավական ակտի, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտի ընդունումը։

Ուշագրավ է, որ օրենսդրական բարեփոխումների արդյունքում եզրակացություն ստանալու հնարավորությունը, ի տարբերություն նախկին կարգավորման, հնարավոր է միայն մինչև համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի ընդունումը՝ դրանով իսկ ապահովելով այս լիազորության իրապես կանխարգելող նշանակությունը։

Ի՞նչ ժամկետներում են ընդունվում Հանձնաժողովի եզրակացությունները.

Եզրակացությունն ընդունվում է այդ մասին ընթացակարգ սկսելու մասին Հանձնաժողովի որոշումը կայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում։ Ընդ որում, Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկամսյա ժամկետով:

Ի՞նչ բնույթ ունեն Հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունները

Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացություններն ըստ բնույթի տարբերակվում են երկու տեսակի՝ պարտադիր և խորհրդատվական:
Այսպես, բացառությամբ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության, մնացած դեպքերում այն կրում է պարտադիր բնույթ և դրան չհետևելը կարող է տնտեսավարող սուբյեկտի համար առաջացնել բացասական իրավական հետևանքներ:

Ի տարբերություն վերոգրյալի՝ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ և դրան հետևելը, ըստ էության, բխում է իրավաստեղծ մարմնի կողմից նաև մրցակցային իրավունքի պահանջներին համահունչ գործելու հրամայականից:

Այսպիսով, կարելի է փաստել, որ օրենքի փոփոխությունների արդյունքում տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու ինստիտուտն էականորեն բարեփոխվել է՝ նպաստելով Հանձնաժողովի վարչարարության կանխատեսելիության բարձրացմանը և գործարար միջավայրի բարելավմանը:

  • Կիսվել: