երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Նոր Նորքի վարչակազմում տեղի ունեցածը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

Նոր Նորքի վարչակազմում տեղի ունեցածը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց ապրիլի 29-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպը՝ ընդգծելով, որ պետական պաշտոնյան պետք է կարողանա զսպվածություն պահպանել նույնիսկ սադրանքի պայմաններում։

«Ես համարում եմ, որ շատ վատ միջադեպ է տեղի ունեցել, և պաշտոնյան պետք է զսպի իրեն՝ չնայած ակնհայտ սադրանքներին և ակնհայտ նպատակներին այդ սադրանքը իրականացնելու։ Կարծում եմ, որ հարցը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է, և պետք է իրենց որոշումը լինի։ Իրենք իրենց հայտարարությունը արել են»,–լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Սիմոնյանը։

Նա հավելեց, որ շատ դժվար է, երբ խոսքի ազատությունը խառնում են լկտիության, լպիրշության և ամենաթողության հետ, բայց պետական պաշտոնյան պետք է ինքնատիրապետում ունենա։ 

«Իսկ երբ չի լինում այդ ինքնատիրապետումը, պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրելու կամ ինչ-որ ձևով դրան արձագանքելու»,- եզրափակեց Սիմոնյանը։ 

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ վեց անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդմամբ։ Նրանց թվում են Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ակտիվիստ Արթուր Չախոյանը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

 

  • Կիսվել: