երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Նոր Նորքի թաղապետարանում մի բանդա է հավաքվել, որը չափ ու սահման չի ճանաչում. ավագանու անդամ

Նոր Նորքի թաղապետարանում մի բանդա է հավաքվել, որը չափ ու սահման չի ճանաչում. ավագանու անդամ

Նոր Նորք վարչական շջանի ղեկավարը Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության անդամ է, նաև ներկա է գտնվել այդ ծեծին Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամը: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը:

«Այնտեղ հավաքվել էր մի բանդա, որը ծեծել է Արթուր Չախոյանին: Լկտիության չափ ու սահմանը արդեն իրենք չեն ճանաչում: Արամ Զավենի Սարգսյանի ամբողջ թիմը, որ եվրոպական մոդելից է խոսում, նախկին ծեծ ու ջարդից, տեսեք, Արամ Զավենի Սարգսյանի եվրոպական մոդելը ծեծ-ջարդն է, խուլիգանությունն է, բանդայով հարձակվել մեկ անձի վրա և ծեծել: Իրենք այդպես են եվրոպական մոդելը տեսել, հետևաբար իրենց ընտրած Եվրոպան խուլիգանությունն է, իրենք այդպես են տեսել։

Ես պատկան մարմիններին կոչ եմ անում խիստ պատժի ենթարկել նման խուլիգանություն դրսևորած անձանց, հանձինս Մասիվի թաղապետի: Նաև այնտեղ երկու ավագանու անդամ է գտնվել, բացատրություն պետք է տան՝ ինչու են ներկա գտնվել»,-ասաց նա:

Արշակ Սարգսյանը տեղեկացրեց, որ Նոր Նորքի թաղապետարանում ՇՄԱԳ-ի նիստ էր եւ Չախոյանը գնացել էր այդ նիստին. «Այո, ես պահանջում եմ, որ թաղապետը հեռացվի, նաև իրավական գործընթաց սկսվի այդ ամենի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկեն ծեծի համար: Նաև «Հանրապետություն» կուսակցության որոշ ավագանու անդամներ պատասխանատվություն պետք է կրեն, տեսանյութերում երևում է, որ հարվածում է նաև «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամներից մեկը:

Ոստիկանությունը այդ տեսանյութերը կարծում եմ՝ կվերցնի և քրեական վարույթ կհարուցի, սպասենք ընթացքին:

Այո, մենք նախկին բարքերին դեմ ենք, մենք ասել ենք, որ այդ բարքերի վերադարձ չի լինելու, բայց իրենք ինչի դեմ խոսում էին, մեր հասարակությունը հիմա թող տեսնի, որ իրենք այդ բարքերի կրողն են եղել նախկինում: Բոլորդ տեսել եք շատ-շատ դեպքեր իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, թե ինչեր են տեղի ունեցել՝ սկսած Տիգրան Աղդալյանի սպանությունից, որ Արամ Զավենի Սարգսյանի եղբոր հետ կապված էր այդ ամեն ինչը»,- հայտարարեց ավագանու անդամը:

Նա հայտարարեց, որ Տիգրան Ավինյանը պարտավոր է գնահատական տալ տեղի ունեցածին. «Երեկ Տիգրան Ավինյանը փորձում էր կարծես արդարացնել հայհոյանքը, ասում էր՝ վիրավորողներին պետք է վիրավորանքով պատասխանել։ Տիգրան Ավինյան, ես մինչ այս պահը ձեր հորը չեմ վիրավորել, մտածել եմ մեծ մարդ է, բայց ձեր հայրը վիրավորել էր « Օպելի» վարորդներին: Հիմա «Օպելի» վարորդները պիտի ձեր հորը վիրավորանքներով պատասխանեն:

Դուք եթե պաշտոնատար անձ եք, պիտի իրավական գործընթացներով պահանջեք պատասխանատվություն կրեն, եթե հանցանք է գործել անձը, ոչ թե խուլիգանական փողոցային ձեր մաֆիոզ խմբավորումներով, ինչը տեսանք քարոզարշավի ժամանակ»:

Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

 

  • Կիսվել: