երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ովքեր են Սերժ Սարգսյանի գործում հիշատակված «Մաքսհուր» ընկերության սեփականատերերը․ նոր մանրամասներ գործից

Ովքեր են Սերժ Սարգսյանի գործում հիշատակված «Մաքսհուր» ընկերության սեփականատերերը․ նոր մանրամասներ գործից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հետ կապված PrimeNews-ին հայտնի են դարձել որոշ մանրամանսեր:

Մասնավորապես՝ գործում հիշատակվող «Մաքսհուր» ընկերությունը, որը հայկական վառելիքի շուկայում գործում է մոտ երկու տասնամյակ, Սերժ Սարգսյանի կառավարման օրոք հայտնվել էր ֆինանսական դժվարությունների առջև՝ պետական տենդերներին մասնակցելու և հաղթելու սահմանափակ հնարավորության պատճառով:

«Մաքսհուր» ընկերությունը ներառված է «Մաքս կոնցեռն» ընկերության կազմում և զբաղվում է վառելիքի ներկրմամբ, ՀՀ տարածքում ունի նաև բենզալցակայաններ: Սակայն այդ ժամանակաշրջանում ներկրման ծավալները նվազեցին, նույնիսկ որոշ լցակայաններ փակվեցին։ Պատճառը՝ ընկերության սեփականատերերի՝ Սարգսյանի իշխանական շրջանում ազդեցիկ հովանավորների բացակայությունն էր։    

Ովքե՞ր էին «Մաքսհուր»-ի սեփականատերերը։ Ընկերությունը հիմնվել էր «Մաքս Կոնցեռնի» հիմնադիրներ՝ Մհեր Բագրատյանի և նախկին պատգամավորներ Հարություն Փամբուկյանի և Խաչիկ Մանուկյանի կողմից: Հետագայում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո, Փամբուկյանը, որը վայելում էր երկրորդ նախագահի հովանավորությունը, վաճառեց իր բաժնեմասերը գործընկերներին և, դադարեցնելով իր բիզնես գործունեությունը ՀՀ-ում, մեկնեց արտերկիր:

Մնացյալ երկու բաժնետերերը, ըստ էության, չկարողացան իրենց դիրքը պահպանել նոր իշխանությունների օրոոք: Եվ չունենալով արտոնություններ վառելիքի շուկայում, ինչպես նաև չoգտվելով հովանավորչությունից պետական տենդերներում, սկսեցին կրել ֆինանսական կորուստներ:

PrimeNews-ի տվյալներով սակայն ընկերության Ֆինանսական վիճակը վերջին շրջանում շտկվել է, մասնավորապես, բացվել են նոր լցակայաններ։   

Հիշեցնենք, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ընկերությունը, ինչի  արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գերադասել է պայմանագիր կնքել ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ և Գյուղնախի պաշտոնատար անձանց տվել է համապատասխան հրահանգ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է  423.091.690 ՀՀ դրամ վնաս։

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրանքը համարում է աբսուրդային և քաղաքական։

 

 

  • Կիսվել: